Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի մի քանի բնակիչներ դեմ են, որ իրենց հողատարածքները հանուն գերակա շահի, այն է՝ ոսկու հանքի շահագործման պատճառաբանությամբ, իրացվեն: Չնայած դրան՝ կառավարությունը մայիսի 19-ին կորոշի գյուղացիների հողատարածքները իրացնել: Ինչպես արդեն հայտնի է, Ամուլսարից ոսկին արդյունահանելու է «Գեոթիմ» ընկերությունը, որի ներդրումային ծրագրով նախատեսված է 370 միլիոն դոլար դնել այս գործի մեջ:
Կառավարության պատասխանատուները գյուղացիների հողատարածքներն իրացնելու որոշումը պատճառաբանում են ոսկու արդյունահանման աշխատանքները ժամանակին սկսելու հանգամանքով, հակառակ դեպքում ընկերությունը չի կարող ծրագիրն իրականացնել նախատեսված ծավալով ու ժամկետներում: Նշենք, որ բնապահպաններն այս նախագծի վերաբերյալ լուրջ մտահոգություն ունեն: Ըստ նրանց՝ այս ծրագիրն իրագործվելու դեպքում, բացի այն, որ տարածքի այգիների բերքն ու բարիքն այլեւս չի լինելու էկոլոգիապես մաքուր, քանի որ հանքի շահագործումից արտանետվելու են թունավոր նյութեր, հանքի շահագործումը սպառնում է նաեւ Ջերմուկի՝ որպես տուրիստական քաղաք լինել-չլինելուն: Հանգստյան գոտի համարվող Ջերմուկը շատ մոտ է գտնվում Գնդեվազին, ուստի հանքավայրի գոյությունը կսպառնա քաղաքի էկոլոգիային՝ ընդերքից դուրս եկող հանքային ջրերի բաղադրությանը, հարակից տարածքների բուսատեսակներին ու կենդանատեսակներին, որոնցից շատերն, ըստ բնապահպանների, նույնիսկ «Կարմիր գրքում» են գրանցված:
Ի դեպ, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության (ՊՄՀՊ)
գործակալությունից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հայտնել են, որ նշյալ հողատարածքներում պատմության եւ մշակույթի հուշարձաններ չկան:
Կառավարության հիմնավորման մեջ բնապահպանական մասով որեւէ նման մեկնաբանության չհանդիպեցինք: Հավանաբար պատճառն այն է, որ 2014 թվականին Գնդեվազի համայնքում կազմակերպվելիք հանրային լսումներից առաջ կառավարությունը, կառավարության որոշման կարգով, որոշակի լրացումներ է կատարել եւ սահմանել, որ ընդերքօգտագործման գոտիներից կարող են այդ բուսատեսակները տեղափոխվել բուսաբանական այգիներ եւ այլ վայրեր: Դե, կենդանիներն էլ իրենք իրենց ոտքով կտեղափոխվեն:
«Գեոթիմի» ներկայացմամբ՝ նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդեվազի տարածքում գտնվող տարալվացման հարթակում: 2015 թվականին նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարալվացման հարթակի տարածքում: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում: Ընկերությունը կառավարությանը հավաստիացրել է, որ շինարարության եւ դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա համայնքների աշխատուժով:
Այս որոշման նախագծի մանրամասներն այսօր կառավարություն կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա վարչապետին կհայտնի, որ գնդեվազցի մեկ սեփականատիրոջ հետ անհամաձայնությունը կապված է առաջարկված փոխհատուցման գումարի հետ, այլապես նա ցանկանում է վաճառել հողակտորները եւ դեմ չէ ծրագրին եւ դրա հետ կապված գործողություններին: Ըստ պարոն Լոքյանի՝ նրանց առաջարկած փոխհատուցման գները հիմնավորված չեն, քանի որ ընկերության կողմից առաջարկված փոխհատուցումը շուկայական գներից ավելի բարձր է:
Մյուս երկու սեփականատերերի դեպքում կան հողի առուվաճառքի հետ կապված սահմանափակումներ, որոնց լուծումը չափազանց բարդ է, քանի որ հողամասերից 1-ը սեփականատիրոջ կողմից գրավադրված է, 2-րդի սեփականատերը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2016