Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը»

Մայիս 20,2016 16:00

Ասում է ԵՊՀ դոցենտ, ԲՀԿ-ական նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը

-Պարոն Պետրոսյան, Դուք վերջերս Ձեր ֆեյսբուքյան գրառումներում հանդես էիք եկել ԱԺ պատգամավորներից մեկի՝ պարոն Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության պաշտպանությամբ: Դուք պնդո՞ւմ եք Ձեր կարծիքը, թե փաստաբանական գործունեությունը չպետք է փաստաբանի մենաշնորհը լինի: Նշեմ նաեւ, որ նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում հատկապես փաստաբանների կողմից, որոնք սա համարում են մասնագիտական պատվախնդրության դեմ ոտնձգություն:

-Այո, ես համակարծիք եմ պարոն Ուրիխանյանի արտահայտած տեսակետի հետ, առ այն, որ դատական ներկայացուցչությունը չլինի փաստաբանների մենաշնորհը: Քանի որ մենք պետք է հաշվի առնենք թիվ մեկ թիրախը՝ անձի իրավունքի որակյալ պաշտպանությունը: Հիմա այդ որակյալ պաշտպանությունը թե ով է ապահովում, սա չպետք է դիտվի առաջնային խնդիր: Չեմ վարանում նշել, որ այստեղ կան նաեւ կորպորատիվ շահեր, երբ փաստաբանները չեն ուզում համակերպվել այն մտքին, որ նույն գործունեությունը իրենցից բացի, կարող են իրականացնել նաեւ այլ անձինք: Բայց եթե մենք ելակետ ենք ընդունում անձի իրավունքի որակյալ պաշտպանության շահը, ուրեմն այստեղ փաստաբանների կարծիքը, ըստ իս, նահանջում է: Բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդը գալիս ու քեզ է դիմում, քեզ ճանաչելով` վստահում է, եւ ասում է, որ ցանկանում է, որ անձամբ դու իրականացնես իր շահերի պաշտպանությունը: Ես փաստաբան չեմ, ուստի եւ մերժում եմ, ուղղորդում եմ նրան որեւէ փաստաբանի մոտ, բայց նա հրաժարվում է, ասելով` մենք այդ փաստաբանի տեղը գիտեինք: Իհարկե, ես իրավունք չունեմ մի ամբողջ փաստաբանական կորպուսի վերաբերյալ կասկածելի կամ թերագնահատողական մոտեցում արտահայտել, ինքս էլ ճանաչում եմ բանիմաց, խղճով փաստաբանների, բայց չի կարելի նաեւ նրանց ֆոնին անտեսել այն փաստաբաններին, ովքեր բացարձակապես չեն տիրապետում գործող օրենսդրությանը, կամ տիրապետում են շատ թույլ, ում համար առաջնայինը ոչ թե իրենց դիմած անձի շահերի որակյալ պաշտպանությունն է, այլ ընդամենը դատարանում երեւալն ու իր ակնկալած գումարը փախցնելը:

Չասեմ առանձին փաստաբանների մասին, լսում եք, գիտեք, որ ինչ հանցագործություններ են կատարվել՝ էլ կաշառքի միջնորդություններ, էլ խարդախություններ, քրեական գործեր են հարուցվել, փախուստի մեջ են եղել եւ այլն: Այս պայմաններում չի կարելի մարդուն ստիպել, որ իր դատական պաշտպանության իրավունքը նա անպայման իրականացնի փաստաբանի միջոցով: Եթե իմ իրավունքն է պաշտպանվում, ուրեմն թողեք իմ ռիսկին մնա իմ իսկ ընտրության պատասխանատվությունը:

Ով չգիտի, որ բանիմաց փաստաբանների կողքին կան նաեւ փաստաբաններ, ովքեր եթե երեք օր իրենց վկայականը կորցնեն, չեն հիշի ինչ են աշխատել, ինչով են զբաղվոմ: Եթե նա փաստաբանի արտոնագիր ունի, դա ինքնին չի կարող մեկնաբանվել, որ նա կարող է ավելի որակյալ ներկայացնել այս կամ այն վստահորդի շահերը, քան այդպիսի արտոնագիր չունեցողը:

-Բացառություններ չկա՞ն գործող օրենսդրությամբ:

-Գործող օրենսդրությամբ, մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքով, կողմի շահերը կարող է ներկայացնել ոչ միայն փաստաբան հանդիսացող, այլեւ փաստաբան չհանդիսացող անձը: Իհարկե, այնտեղ կա մի դրույթ, որ եթե դատարանը հանգում է այն հետեւության, որ այդ ներկայացուցիչը չի տիրապետում իր պարտականություններին, կարող է հեռացվել դատավարությունից:

-«Քննություն» է անցկացնելո՞ւ, ինչպես:

-Դա, իհարկե, շատ հեշտ է պարզել. պահանջը շարադրելիս, համապատասխան նորմերի մեկնաբանությունն անելիս, նորմատիվ ակտերին հղումներ կատարելիս, նրա ելույթից կարելի է հասկանալ՝ տիրապետո՞ւմ է օրենսդրությանը, թե՞ ոչ: Ցավոք, մենք հենց փաստաբանների շարքում ունենք մարդիկ, ովքեր դատարաններում շեշտը դնում են ոչ թե օրենքների մեկնաբանություններին, ոչ թե կոնկրետ իրադրության իրավաբանական գնահատման վրա, այլ հուզումնալից ճառերի, խղճահարություն, գութ շարժելու շեշտադրման վրա` ընդհանրապես չանդրադառնալով հայցը վճռող օրենքների կոնկրետ դրույթներին:

-Որպես իրավաբան, ի՞նչ վտանգներ կարող եք տեսնել, երբ դատավարության կողմը իրավաբանը չի, փաստաբանը չի:

-Վտանգներ ես չեմ տեսնում: Օրինակ` Քրեական դատավարության օրենսգրքում հստակ ամրագրված է, որ պաշտպան կարող է լինել միայն փաստաբանը: Ինչու: Որովհետեւ կա պետական մեղադրանք եւ տրամաբանական է, որ պետությունն այդ պետական մեղադրանքին հակակշռի նաեւ համապատասխան որակավորում ստացած անձի մասնագիտական պատրաստվածությունը: Բայց քաղաքացիաիրավական հարաբերություններում, երբ օրենքը սահմանում է, որ քաղաքացիները եւ իրավաբանական անձինք իրենց իրավունքներն ու պարտականությունները ձեռք են բերում իրենց ռիսկով, ի շահ իրենց, իրենք են, փաստորեն, կրում իրենց կատարած ընտրության պատասխանատվությունը: Պետությունն իրավունք չունի ինձ ստիպել, որ իմ դատական պաշտպանության իրավունքը վստահեմ միայն փաստաբաններին: Դա իմ իրավունքն է: Ինչու եմ շեշտում որակի մասին, որովհետեւ Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում ունի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենք 5-րդ հոդվածի մասին, համաձայն որի՝ դատական ներկայացուցչության իրականացումը պարտադիր փաստաբանի կողմից, բացառությամբ որոշ դեպքերի, ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումների առանցքը հանգում է որակյալ պաշտպանություն ապահովելուն:
Կրկնեմ, որ կան փաստաբաններ, որոնք այնքան կարող են օգտակար լինել իրենց վստահորդին, ինչքան ես Պաղեստինի ազգային ազատագրական շարժման հաղթանակին: Տեսնում եմ ինչ-որ տեղ կորպորատիվ շահ, որ իրենք չեն ցանկանա, որ իրենց գործունեությունը իրականացնեն այլ անձինք:

Կարծում եմ՝ պատգամավորն այս նախաձեռնությունը պետք է շարունակի հետեւողականորեն առաջ տանել, հիմնավորված տեսակետների հրապարակային քննարկման արդյունքում, գուցե ԱԺ-ն գնա այդ նախաձեռնության օրինականացմանը: Անձի սահմանադրական իրավունքը՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը չի կարող պայմանավորված լինել կորպորատիվ շահերով:
Չեմ ցանկանում որեւէ համակարգի հասցեին շռայլ բարեխոսություն անել, բայց օրինակ` դատախազությունում (զրուցակիցս 7 տարի եղել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր դատախազների որակավորման հանձնաժողովի անդամ-Ռ.Մ.), քննչական կոմիտեում, ոստիկանությունում, որտեղ ծառայողները տարիներ շարունակ նույն գործով զբաղվել են, բայց նաեւ պարբերաբար իրենց գիտելիքների համապատասխանության ստուգում են անցնում: Իսկ փաստաբանները ատեստացիա չեն անցնում, մի անգամ վերցնում են փաստաբանի արտոնագիր, եւ անդարդ կյանքի լիազորագիրը համարում են գրպանում դրած` մինչեւ խոր ծերություն: Եթե փաստաբաններն ատեստավորվեն, կտեսնենք, թե քանի տասնյակ փաստաբաններ առաջին իսկ փուլում դուրս կմնան պրոցեսից:

 
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031