Երեւանյան համերգային ազդագրերը հաճախ ոչ միայն զուտ մշակութային, այլեւ քաղաքական, պատմական խոսակցությունների առիթ են ընձեռում: Այս դեպքում՝ նման խոսքուզրույց է ծավալվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 20-ին կայանալիք համերգի առիթով. առանցքում հրեաների պատմությունն է, նրանց կրոնի ու մշակույթի զարգացումը, որն ունի շուրջ 4 հազար տարվա պատմություն: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) ընկերակցությամբ հանդես կգա ազգությամբ հրեա, գերմանաբնակ թավջութակահար Ռամոն Յաֆֆեն: Նա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Դիլբարյանի հետ հանդես կգա հոր՝ Դոն Յաֆֆեի «Exodus 1971» դաշնամուրի, թավջութակի եւ նվագախմբի «Սիմֆոնիա-կոնցերտի» կատարմամբ: Դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Ի դեպ, Դոն Յաֆֆեի անունը հայաստանցի դասական երաժշտության ունկնդրին հայտնի է. ժամանակին Գոռ Հովհաննիսյանի ղեկավարած լարային տրիոն առաջին անգամ Հայաստանում ներկայացրել է հրեա կոմպոզիտորի երկը:
«Առավոտի» հետ զրույցում Ռամոն Յաֆֆեն նախ ասաց, թե ինքը ծնունդով Լատվիայից է, ընտանիքը 1971թ. տեղափոխվել է Իսրայել, ապա 1974-ին՝ Գերմանիա:
Երաժշտարվեստում առաջին քայլերը մեր զրուցակիցը ստացել է հոր ղեկավարությամբ: Ինչ վերաբերում է «Exodus 1971» ստեղծագործությանը, մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ այդ եռամաս կոնցերտն առաջին անգամ է կատարվելու Հայաստանում եւ այն պատկերում է հեղինակի, այսինքն՝ իր ընտանիքի պատմությունը: «Ծնողներս, երբ 1958թ. Ռիգայի զագսերից մեկում ամրագրել են իրենց ամուսնությունը, դեռ այդժամ հայրս մորս ասել է՝ նման ստրկական վիճակից, ինչը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարների սարսափը, ինչքան կարող ենք գոյատեւել, գործող ռեժիմի անարդարությունները հաղթահարել… Եվ 1971թ. մեր ընտանիքն առաջիններից էր, որ մեղմ ասած՝ լքեց խորհրդային երկիրը: Նախ տեղափոխվեցինք Իսրայել, ապա Գերմանիա: «Exodus 1971» ստեղծագործությունը հենց մեր ընտանիքի պատմությունն է: Բայց այս գործը կարծես ազատության հիմն է, կոմպոզիտորի հոգում սկիզբ առնող տոնական մի երաժշտություն»,- հայտնեց թավջութակահարը: Ավելի քան 40 տարի ծննդավայրից՝ Ռիգայից դուրս, ինչպես ասում են, ինչքա՜ն ջրեր են հոսել: Ռամոն Յաֆֆենը մի քանի հեղինակավոր մրցույթների է մասնակցել, որպես կամերային երաժիշտ համագործակցել է անվանի հայտնի անունների հետ: Սպասված հյուր է հայտնի նվագախմբերի կողմից, ավելին, 2011-ից նա ղեկավարում է Middelburg/NL կամերային երաժշտության փառատոնը, նաեւ Հոֆգարտենի, Տիրոլի կամերային երաժշտության փառատոների հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Արվեստագետի խոսքերով՝ հրեաներս ու հայերդ ի վերուստ կարծես դատապարտված ենք նույն ճակատագրին: Թույլ տվեք նկատել, որ, ինչը գաղտնիք չէ, դուք եւ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, այ թե ինչու ենք տարբեր առիթներով, ասենք՝ քաղաքական կամ մշակութային, հաճախ հայտնվում աշխարհում կատարվող իրադարձությունների կիզակետում:
Անդրադառնալով հոր՝ Դոն Յաֆֆեի գործունեությանը, մեր զրուցակիցը հայտնեց, որ 83-ամյա կոմպոզիտորը 63 տարեկանում է սկսել ստեղծագործել, մինչ այդ նա հանդիսացել է հայտնի Բրեմենի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ, թավջութակահար: Կանխելով հարցը, կրտսեր Յաֆֆեն ասաց, որ հայրը 63 տարեկանում լսում է մի ժամանակակից երաժշտություն, իսկ հետո որոշում գործընկերներին ներկայացնել իր սեփականը: Պատասխանը լինում է հետեւյալը՝ եթե նույն համերգում Շոստակովիչի, ասենք՝ Սոնատի կողքին հնչի նաեւ Յաֆֆեի գործը, ապա Շոստակովիչի երկը կկորցնի իր փայլը: Հավանաբար սա է ոգեշնչել ավագ Յաֆֆեին, «հրաժարվելով» թավջութակից, սկսել կոմպոզիտորական գործունեություն:
Մեր զրույցին միացած դիրիժոր Հարություն Արզումանյանը իր հիացմունքը հայտնեց նաեւ դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի մասին: «Հիշո՞ւմ եք 2012թ., երբ Վիեննայում անցկացվում էր մանկական դասական «Եվրատեսիլը», որտեղ քանոնահար Նարեկ Գալստյանը իր կատարողական իսկապես բարձր արվեստով ցնցեց Արեւմուտքը, հայտնվելով 3-րդ հորիզոնականում, նրան նվագակցում էր Անահիտը: Այս երիտասարդ դաշնակահարուհին, որ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել շուրջ 25 երկրում, ավելին՝ նա իրեն նվիրել է նաեւ մանկավարժությանը: Մեր օրերում հազվագյուտ երեւույթ է, որ նման արվեստագետը դասավանդում է երաժշտական դպրոցներում, իսկ Անահիտը դասավանդում է ոչ միայն Չուխաջյանի եւ Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական հաստատություններում, այլեւ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում…»,- հայտնեց դիրիժորը: Հավելեց նաեւ, որ Ռամոն Յաֆֆեն սիրահար է հայ կոմպոզիտորական արվեստին: Նրա երկացանկում են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Այսօր էլ երրորդ տարին է՝ Գերմանիայում վարպետության դասեր է անցկացնում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Մեսրոպյանի դասարանում ուսանած թավջութակահար Հայկ Սուքիասյանին, հանդիսանալով նրա յուրատեսակ պրոդյուսերը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Անահիտ Դիլբարյանը՝ աջից, Հարություն Արզումանյանը եւ Ռամոն Յաֆֆեն:
«Առավոտ» օրաթերթ
19.05.2016