Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ենք Հիսուս Քրիստոսին Փրկիչ կոչում

Մայիս 20,2016 15:00

Եվ ո՞րն է իրական
ազատությունը

Երբ որ առաջին մարդը՝ Ադամը, անհնազանդություն արեց իրեն ստեղծող Աստուծո նկատմամբ, իրեն հեռացրեց Աստծուց եւ դրանով կատարեց չարի կամքը: Այս բանի պատճառով մարդկային բնությունը վնասվեց ու մարդը դարձավ իր ներսում գլուխ բարձրացնող չար մոլուցքների ու կրքերի գերի:

Հիվանդ ու վնասված մարդկային բնությունը

Դուք սա տեսնում եք ձեր կյանքերում ամեն օր: Օրինակ, գիտեք, որ սուտ խոսելը վատ բան է, բայց քանի անգամ եք սուտ խոսել, որպեսզի ձեր վրա չբարկանան կամ դուք լավ երեւաք: Կամ՝ գիտեք, որ մի անկեղծ ներողություն խնդրելը կվերականգնի ձեր հարաբերությունը ձեր կնոջ կամ ամուսնու հետ, բայց հպարտությունը չի թողնում, որ այդ ներողությունը խնդրեք: Կամ էլ ձեզ են ներողություն խնդրում, ու ատելությունը չի թողնում, որ ներեք: Կամ էլ ուզում եք ուրախանալ հարեւանի հաջողությամբ, բայց ինչ-ինչ պատճառներով նախանձը չի թողնում, որ կիսեք նրա ուրախությունը: Տեսնո՞ւմ եք, ես եւ դուք գերի ենք այսպիսի մոլուցքներին՝ հպարտություն, ատելություն, նախանձ, բարկություն, ծուլություն, շատակերություն, եւ այս գերությունը չի թողնում, որ մենք վայելենք իրական ազատությունը եւ այն ուրախ կյանքը, որ Աստված տալիս է մեզանից յուրաքանչյուրին:

Մարդուն փրկել է պետք

Հենց որ մարդը սկսում է սա հասկանալ, նա տեսնում է, որ ինքը խեղդվում է այդ չար կրքերի տակ ու իրեն Փրկիչ է պետք: Ինքը միայնակ չի կարողանում ազատվել այս կրքերից: Դրա համար էլ դուք միշտ լսում եք, թե Աստուծո պատվիրանները կատարելը անհնար է:
Փրկիչը եկել է ու ճանապարհ ցույց տվել: Փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է՝ Աստուծո Որդին: Նա եկավ, մարդացավ, վերցրեց այդ մարդկային վնասված բնությունն ու ապաքինեց այն, բուժեց: Ու ասաց, որ եթե դուք պահեք Աստուծո պատվիրանները եւ հավատաք, որ ինքն է Փրկիչը, ապա նույնիսկ եթե մեռնեք էլ, կապրեք, որովհետեւ նա ինքն է հարությունը եւ կյանքը (Ավետարան ըստ Հովհաննեսի 11:25-26):

Ազատում

Ուրեմն ինչ է կատարվում մարդու հետ, երբ նա հավատում ու անշեղորեն հետեւում է Փրկչին: Եթե նա անկեղծ է իր ձգտման մեջ, ապա օր օրի նա սկսում է ազատվել այն բոլոր չար մոլուցքներից ու կրքերից, որոնց մասին նշեցի վերեւում, այսինքն՝ հպարտություն, ատելություն, նախանձ, բարկություն, ծուլություն, շատակերություն եւ նմանատիպ այլ չար կրքեր, որ պայքարում են մեր դեմ, մեր ներսում:

Թե որքանով մարդը կազատվի այս կրքերից ու մոլուցքներից, կախված է իր ցանկությունից ու անկեղծության աստիճանից: Դրա համար դուք տեսնում եք շատ մարդկանց, ովքեր իրենց Քրիստոսի հետեւորդներ են կոչում, բայց չեն հետեւում Քրիստոսի բերած փրկության ճանապարհին:

Բայց Փրկիչը եկել է ու ճանապարհ ցույց տվել: Նա սիրում է մարդուն ու մարդու բարեկամն է: Նա Ավետարաններում ասաց, որ եթե մենք հավատանք եւ ընդունենք իրեն, նա մեզ իշխանություն է տալիս կոչվելու Աստուծո որդիներ (Հովհ. 1:12) ու չարը մեզ չի կարող դպնել (Հովհ. 5:18): Դրա համար, ամեն մարդ, ով հավատում եւ ընդունում է Քրիստոսին, Աստծուն աղոթում է՝ ասելով «Հայր մեր…»:

Ահա թե ինչու, Հիսուս Քրիստոսը կոչվում է աշխարհի Փրկիչ, որովհետեւ նա եկավ մեղքի գերությունից ազատելու մարդկային վնասված բնությանը եւ նրան իրական ազատություն տալու հավիտենական կյանքի մեջ:

Ուրեմն, իրական ազատությունը ոչ թե մարդկային իրավունքների քանակից է կախված, այլ դա ազատություն է նախանձից, ազատություն էգոիզմից, ազատություն ատելությունից, ազատություն ստելուց, ազատություն ծուլությունից, ազատություն որկրամոլությունից ու ազատություն հպարտությունից:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջին՝
https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031