Անցկացվեց նետաձգության Հայաստանի առաջնությունը, որտեղ տղամարդիկ եւ կանայք մրցեցին 70+70 (36-ական կրակոց) մրցաձեւում:
Տղամարդկանց պայքարում մրցանակային եռյակը կազմեցին Վասիլ Շահնազարյանը, Արամայիս Ապրեսյանը եւ Արման Ապրեսյանը, իսկ կանանց մրցակցությունում՝ Նունե Վասիլյանը, Հայկուհի Մարգարյանը, Անի Խաչատրյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մեր նետաձիգները մոտ օրերս մեկնում են Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի, որի ավարտին նույն տեղում կմասնակցեն Աշխարհի գավաթին, որտեղ խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր: Օլիմպիական վարկանիշ տրվելու է թե թիմային, թե անհատական պայքարում 1-4-րդ տեղերն զբաղեցնողներին: Մարզիչը տեղեկացրեց նաեւ, որ Անթալիայում Արման Ապրեսյանի փոխարեն հանդես է գալու Գեւորգ Հազարումյանը, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց է տվել բարձր արդյունքներ եւ նրա մրցելույթներն ավելի կայուն են: Իսկ կանանցից մարզչական խորհուրդն ընտրել է միայն Նունե Վասիլյանին:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2016