Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է կրկին «երես տալիս» Ալիեւին

Մայիս 20,2016 12:00

Ղարաբաղյան խնդիրը չի կարող խաղաղ կարգավորվել, քանի դեռ ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն Ալիեւին դրդում է պատերազմի:

Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպած հանդիպումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ հույս է, որ հնարավոր կլինի բանակցային գործընթացի շարունակություն ապահովել: Իսկ բանակցային գործընթացը վերջին մի քանի տարիներին Բաքվի հետեւողական ջանքերով հայտնվել էր փակուղում:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի` Վիեննայի հանդիպման արդյունքներով տարածած հայտարարությունը հիմք է, որպեսզի հնարավոր դառնա խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով:

Վիեննայի հանդիպմամբ հօդս ցնդեցին Բաքվի ջանքերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը տապալելու ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, եւ սա միջազգային հանրությունը միաբերան կրկին արձանագրեց:

Հաջորդը` Վիեննայի հանդիպմամբ Ալիեւին հասկացրեցին, որ 1994թ. զինադադարի եւ 1995 թվականի փաստաթղթերի պարտավորություններից ոչ միայն փախչել հնարավոր չէ, այլեւ դրանք չեղյալ համարել անհնար է, ինչին ձգտում էր պաշտոնական Բաքուն: Իսկ սա նշանակում է նաեւ արձանագրում որպես բանակցությունների կողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը:

Այլ հարց է, թե պաշտոնական Երեւանն ապրիլյան պատերազմից հետո ընձեռած հնարավորությունն ինչպես է օգտագործելու եւ բանակցությունների սեղանին Ղարաբաղին վերադարձնելու հարցում ինչ գործուն քայլերի է դիմելու:

Վիեննայի հանդիպման մյուս կարեւորագույն ամրագրումն ամիսներ առաջ ԱՄՆ առաջարկն էր` սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման վերաբերյալ, որն այսպես ասած` փաստաթղթային ձեւակերպում ստացավ: Ալիեւը փաստացի դրան համաձայնություն է տվել:

Այս արդյունքները միանշանակ հայկական կողմի շահերից են բխում:
Բայց կա՞ երաշխիք, որ Ալիեւը ստանձնած պարտավորությունները կյանքի է կոչելու: Չկա՛:
Կա՞ երաշխիք, որ Ալիեւը չի դիմելու նոր արկածախնդրության, նոր ագրեսիայի: Չկա՛:
Կա՞ երաշխիք, որ Ալիեւը չի դրժելու Վիեննայում արած իր հայտարարությունները, թե հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Չկա՛:

Ալիեւի ու նրա ռեժիմի դեպքում առհասարակ ոչ ոք որեւէ երաշխիք չի կարող տալ: Սա, կարծես, բոլորի համար է պարզ:

Ավելին՝ պաշտոնական Բաքուն արդեն իսկ Վիեննայի հանդիպման պայմանավորվածություններից հրաժարվելու կուրս է որդեգրել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Վիեննայի հանդիպման արդյունքները, այդ հանդիպումից մեկ օր անց նշել է. «Մենք Վիեննայի հանդիպման ժամանակ համաձայնություն տվեցինք հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ ապագա բանակցությունների շարունակման համար: Ամենագլխավորն այն է, որ այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, եւ որ մենք հունիսին սկսենք բանակցային գործընթաց»: Սակայն գալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնման մասին համանախագահների հայտարարությանը՝ Մամեդովն ասել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների հարցում չեն կարող լինել էական փոփոխություններ: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել»:

Ասել, որ Բաքվի պահվածքն անսպասելի է` չափազանցություն կլինի: Բաքուն մշտապես իր «ամպլուայի» մեջ է, հետեւաբար թե՛ հայկական կողմը, թե՛ միջազգային հանրությունը պետք է փորձեն հասկանալ, թե ինչու է Բաքուն իրեն թույլ տալիս նման ձեւով դրսեւորել:
Ինչո՞ւ է Բաքուն բանակցությունների միջոցով պայմանավորվածություններից հրաժարվում: Հստակ է պատասխանը. Ալիեւին ավելի ձեռնտու է ագրեսիայով հիշեցնել ԼՂ խնդրի ու «գրավյալ տարածքների» մասին, քան բանակցություններում փոխզիջումների մասին քննարկումներ ծավալել ու տված խոստումները կյանքի կոչել:

Իսկ ինչո՞ւ է Ալիեւը նախընտրում խնդրի լուծման ռազմական ճանապարհը: Սրա պատասխանն էլ է պարզ` որովհետեւ Ադրբեջանին զինում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, նա իրեն ազատ է զգում այդպես վարվել:

Հետեւաբար` ո՞վ է Ալիեւին «դաբրո» տալիս, որ հանդիպումներով, հնարավոր բանակցություններով գործընթացը տեղից առաջ չշարժվի: Այս հարցը պետք է բարձրաձայնել ու պատասխանը հնչեցնել: Այս հարցը օդում է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանի է սպասում մյուս կարեւորագույն հարցը` ո՞ւմ «դաբրոն» էր ստացել Ալիեւը, կամ` ո՞ւմ լուռ համաձայնությամբ էր նա Վաշինգտոնից վերադառնալուց հետո սանձազերծել ապրիլյան պատերազմը:

Ադրբեջանական կայքերը օրեր առաջ տեղեկացրեցին, թե առաջիկայում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, այժմ նշում են, թե մինչեւ մայիսի վերջ Պուտինը կայցելի Ադրբեջան եւ Հայաստան, նրա այցի նպատակը Ղարաբաղյան կարգավորման քննարկումն է:

Դեռ Մեդվեդեւի նախագահության շրջանից Մոսկվան բավական երկար ժամանակ Ղարաբաղյան կարգավորման «հովանավորն» էր, թեեւ Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող բանակցություններն էլ արդյունք չտվեցին: Այժմ Վաշինգտոնը որոշակիորեն ակտիվ դերակատարություն է ստանձնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, իհարկե, առարկություններ չի ներկայացնում, սակայն պարզ է, որ եթե նրան որեւէ բան դուր չգա` դա չի երեւալու Մինսկի խմբի եռակողմ հանդիպումների ժամանակ` տեսախցիկների առջեւ կամ նրանց տարածած համատեղ հայտարարությունների տեքստերում:
Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին, իսկ մեզ Հայաստանում ՌԴ դեսպանատան քարտուղարն ասելու է` «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ չի կարող գնալ»:

Ղարաբաղյան խնդիրը չի կարող խաղաղ կարգավորվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն Ալիեւին դրդում է պատերազմի:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031