Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՆԱԼԻ

Մայիս 20,2016 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսուներեքերորդ

ԱՆԻՄԱՆԱԼԻ

Եվ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ Մոսկվա թռնելս հարուր տարի առաջ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ջահել տղա էի, նոր-նոր էի Նկարիչների միության անդամ դարձել, ու Մոսկվայում հայկական արվեստի դեկադայի ցուցահանդեսին իմ գործն էլ պիտի կախեին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, մասնակիցներից ամենաջահելը ես էի, ու որ հետները չգնայի, շատ անհարմար բան կստացվեր» եւ  մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն ժամանակ Նկարիչների միության նախագահը Մուրադյան Սարգիսն էր, ու ինքն  ինձ անձամբ խնդրեց, որ հետները գնամ», եւ ես ժպտալով Վարուժին հարցրի՝  «խնդրե՞ց, թե՞ հրամայեց», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինձ հրամայողն իրա մորից առայժմ չի ծնվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն ժամանակ միության նախագահն ինքն էր ու, որ ճիշտն ուզում ես իմանաս, կարար հրամայեր էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց մարդը անձամբ զանգեց ինձ ու մարդավարի խնդրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Սովետի օրոք որ Վարդգես Պետրոսյանը քեզ մի բան խնդրեր, կարող ա՞ չանեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «խնդրել էլ ա, արել էլ եմ», եւ Վարուժը հարցրեց՝ «ի՞նչ ա խնդրել», եւ ես ասացի՝ «խնդրել ա, որ գնամ Մոսկվա՝ Գորկու ինստիտուտում սովորելու» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ինքը կարար ինձ հրամայեր, բայց անձամբ զանգել ու մարդավարի խնդրել ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էրկուսս էլ Մոսկվա  թռել ենք», եւ ես  ժպտալով  Վարուժին  ասացի՝ «ես, ի տարբերություն քեզ, մի քանի անգամ եմ Մոսկվա թռել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ի տարբերություն քեզ, ես լիքը ուրիշ տեղեր էլ եմ թռել», եւ Վարուժն ասաց՝ «ես մենակ Մոսկվա եմ թռել, էն էլ՝ էդ մի անգամ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրանից հետո լիքը հրավերներ եմ ստացել, բայց հրաժարվել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Բեյրութն ի՞նչ ա. նույնիսկ Փարիզում էին ուզում ցուցահանդեսս բացեն, բայց էլի հրաժարվեցի», եւ ես ասացի՝ «իզուր էլ հրաժարվել ես» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Բեյրութից էլ ես իզուր հրաժարվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախպերս՝ Վարդանն էլ ա էդ կարծիքին» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «չես հասկանո՞ւմ, որ հոգեբանորեն պատրաստ չեմ Հայաստանից դուրս գալ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ինքնաթիռից ե՞ս վախենում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչից եմ վախենում» եւ մի քիչ էլ  մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էնքան ինքնաթիռից, ինչքան Հայաստանից դուրս գալուց եմ վախենում», եւ ես հարցրի՝ «վախենալու ի՞նչ կա», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մարդ էլ կա՝ լիֆտ չի նստում», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ո՞վ լիֆտ չի նստում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Տիգրան Մանսուրյանը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ասում են՝ ոչ մի անգամ իրանց շենքի լիֆտից չի օգտվել», եւ Վարուժն ասաց՝ «առաջին անգամ եմ լսում, որ Տիգրանը լիֆտ չի նստում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանց տունը ո՞ր հարկում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարծեմ հինգերորդ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն էլ երեւի լիֆտից ա վախենում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝  «չգիտեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես լիֆտից վախենալու իրավունք չունեմ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ չունես», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ ես, ի տարբերություն Տիգրանի, ոչ թե հինգերորդ հարկում եմ ապրում, այլ՝ անհամեմատ բարձր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի հասկանում ես, որ ամեն օր էսքան հարկ ոտով բարձրանալը հանաք բան չի», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ բանն ինձնից լավ ոչ ոք չի հասկանա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ընդամենը մի ժամ առաջ եմ ձեր էս հարկերը ոտով հաղթահարել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ մինչեւ հիմի մուննաթն էրեսիցդ չի ջնջվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու լավ գիտես, որ մուննաթս ուրիշ պատճառ ունի», եւ Վարուժն ասաց՝ «էն օղորմածիկ նկարի թեման արդեն փակել ենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նկարն արդեն չկա, գոյություն  չունի», եւ  ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մուննաթս էլ արդեն չկա, գոյություն չունի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էր պակաս՝ գոյություն ունենար» եւ դիմանկարիս նայելով՝ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ էր պակաս, որ էս հանճարեղ պորտրետիցդ  հետո էլ վրես մուննաթ գայիր»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031