Չիլիի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Մայիսի 18-ին ընդունված բանաձևում, մասնավորապես, ասվում է․ – «Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային և ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու և վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ: Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաև վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է»:
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները և խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջև ձեռք բերված զինադադարը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում