Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել թիվ 15804115 քրեական գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով:
Վարդգես Գասպարին մեղադրվում էր 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու մեջ:
«Լրացուցիչ գլխացավանքից որոշեցին ձերբազատվել, որովհետեւ նախկին փորձերից ելնելով՝ իրավական հարթության մեջ իրենք ոչ մի բան չէին կարողանում անել: Մտածում էին՝ կարող են նորից ինձ ուղարկել կալանավայր, քրեական հեղինակություններն ինձ հնազանդեցնեն, բայց դա էլ միգուցե ցանկալի տարբերակ չէր »,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գասպարին:
Ըստ նրա, ընդամենը մեկ անգամ էր այդ գործով հարցաքննվել, հետո ինքը հրաժարվել էր քննիչի ծանուցագրերով գնալ հարցաքննության՝ պատճառաբանելով, որ եթե ինքը եղել է «Մարտի մեկի» գործով քննիչ, դեռ բացատրություններ ունի տալու եւ պետք է հավաստիացնի, որ «Մարտի մեկի» գործով սպանություններին չի մասնակցել. «Քննիչին մնում էր ինձ բերման ենթարկել, երեւի այդ ամեն ինչը ձեռնտու չէր ու լրացուցիչ գլխացավանք էր եւ ավելին, հիմքեր չկային այս գործով ինձ մեղադրելու, լրիվ շինծու գործ էր»:
Կարդացեք նաև
Պարոն Գասպարին հակընդդեմ հայցով դիմել է դատարան՝ սուտ մատնության համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ