Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս իմ բրենդն եմ». Համլետ Հարությունյանը գեներալ Մանվելի Apple Watch ժամացույցի ու իր Guess-ի մասին

Մայիս 19,2016 22:45

Դուք ինչ-որ բրենդների հետեւից ընկնո՞ւմ եք, որ, ասենք, Apple-ի կամ Swatch-ի ժամացույց կրեք: Այսօր Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը ոտքից գլուխ իրեն ցույց տվեց՝ ասելով. «Ի՞նչ բրենդ, ես ինքս բրենդ եմ էլի, ես դրա կարիքն ունե՞մ: Էդ բրենդի կարիքն ունեն էն մարդիկ, որոնք ինքնահաստատման ուրիշ Ճանապարհ չունեն: Իմ կենսագրությունը ինձ թույլ չի տալիս ես բրենդներին ուշադրություն դարձնեմ»:

Մեր հարցին՝ ի՞նչ ժամացույց եք կրում՝ նա պատասխանեց. «Չգիտեմ, կինս է նվիրել, ժամացույց է, էլի»:

Երբ նկատեցինք, որ Guess է, վատ չի, եթե պատենդ չի՝ Համլետ Հարությունյանը միանգամից արձագանքեց. «Չէ, հաստատ պատենդ ա»:

Հիշեցնենք, որ սոցցանցերում քննարկվում է գեներալ Մանվել Գրիգորյանի Apple watch ժամացույցը, որի արժեքը 12 հազար դոլար է:

ՀՀԿ պատգամավորն ասաց, որ արդեն ջղայնացել է ու որոշում է կայացրել. «Սրանից հետո տեսնում եմ, որ մարդիկ էդ բրենդներով, չգիտեմ ինչերով իրենց ռեկլամում են, ես սրանից հետո իմ կենսագրության որոշ դեպքեր պիտի հանրությանը ներկայացնեմ: Ես արդեն ասեցի, որ բրենդի կարիք չունեմ, ես ինքս իմ բրենդն եմ»:

Թե ինչպես է իրեն «ռեկլամ» անելու պատգամավորը, ֆեյսբուքյան էջո՞վ, նա պատասխանեց. «Այ մարդ, ես ի՞նչ իմանամ, մի բանով ներկայացնելու եմ: Օրինակ, լրատվությունը սենսացիաներ է սիրում: Անհատներին գնահատելու մեխանիզմներ գոյություն չունեն»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, Համլետ Հարությունյանն ասաց, որ Արցախի հերոսի բացթողումները դարձնել հասարակական քննարկման առարկա ընդունելի չէ. «Ես չգիտեմ ով ինչ կասի, բայց մեր պատմությունը լիքն է այդպիսի օրինակներով: Այսօր Անդրանիկի նկարները, չգիտեմ ինչերը պաշտում են, բայց ծանոթ չեն, թե Անդրանիկի գլխին էս նույն ժողովրդի ներկայացուցիչներն ինչ են բերել, երբ Անդրանիկին մեղադրում էին դավաճանության, չգիտեմ ինչերի մեջ: Անկախ նրանից, թե ես ինչ վերաբերմունք ունեմ կատարված դեպքերի նկատմամբ, պարտադիր չի, որ բոլորս մեր կարծիքն ասենք»:

Մեր հարցին՝ աչքներս փակե՞նք, եթե մեր զինվորին հայհոյում են, դա էլ է չէ՞ արգահատելի՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, բայց այն, ինչը թշնամուն ձեռնտու է, ես կատեգորիկ դեմ եմ, որ մամուլում անընդհատ բան անենք: Լավ, թուրքերը սխալ չունե՞ն: Ինձ համար շատ տգեղ է, որ ազգային հերոսի ինչ-որ բան դարձնում են միջպետական քննարկման արդյունք: Էդ բանը կարելի է քննադատել, եթե երեւույթը բացասական է, բայց դա էլ ունի իր չափը: Ի վերջո, Մանվել Գրիգորյանը քի՞չ բան է արել էս ժողովրդի, էս պետության համար: Մի ծայրահեղությունից անցնում եք մի ծայրահեղություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031