«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ տոլմայի պատրաստման 70-75 եղանակ կա: Դրանցից շատերին կարելի է ծանոթանալ «Ուդուլի» տոլմայի փառատոնի ժամանակ, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում:
«Արդեն 6-րդ անգամ անցկացվող փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Այն սիրված է ինչպես տեղացիների, այնպես էլ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների կողմից»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեդրակ Մամուլյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ փառատոնն այս տարի կունենա 30 տաղավար. «Թիմ կներկայացնի նաև բանակը: Բազմաթիվ նորություններ կլինեն: Մասնակիցները դարձյալ կփորձեն պատրաստել ամենաերկար տոլման, որն անցյալ տարի 10 մետր, 20 սանտիմետր երկարություն ուներ: Մասնակիցները կմրցեն երեք՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» անվանակարգերում: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու տոլմայի տեսակներին, պատրաստման եղանակներին, որոնք բազմազան են: Նախորդ փառատոների ընթացքում պարզվեց, որ, օրինակ, Վանում ընդունված է եղել դդմի ծաղկի մեջ դրված տոլման: Հադրութի շրջանում ավանդաբար այն պատրաստում են լոբու տերևի մեջ»,- մանրամասնեց Ս. Մամուլյանը:
Նրա խոսքով՝ այսպիսի փառատոն ունենալու գաղափարն առաջացել է դեռևս 2011 թվականին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ եթե որևէ հայի հարցնեն` ինչ է տոլման, նա չի կարողանա պատասխանել: «Փառատոնը մեր պատասխանն էր նրա հայտարարությանը»,- ընդգծեց Ս. Մամուլյանը՝ նկատելով, որ փառատոնի գլխավոր նպատակը ոչ թե տոլմա պատրաստելն է, այլ մեր մշակութային ժառանգությունը ներկայացնելը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ