Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

Մայիս 19,2016 17:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է “Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ” համաձայնագիրը:

Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման “Հորիզոն 2020” ծրագրին, ստորագրել են Հետազոտության, գիտության և նորարարության եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Իր ելույթում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է՝ որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստորագրել այս կարևոր համաձայնագիրը: “Հայաստանի մասնակցությունը “Հորիզոն 2020”-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին, անկասկած նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը: Մեծ աշխատանք է ընկած համաձայնագրի նախապատրաստման հիմքում` Բոլոնիայի գործընթաց, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթաց, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագիր և, վերջապես, “Հորիզոն 2020″: Հայաստանը հայտնի է իր գիտական ներուժով դեռևս Խորհրդային շրջանից: ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանը, չնայած ֆինանսական դժվարություններին, կարողացավ պահպանել կրթական և գիտական հաստատությունները և հասարակության շրջանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ”,-նշել է նախարարը` վստահություն հայտնելով, որ համաձայնագրի արդյունքները մեր երկրին կընձեռեն մի շարք հնարավորություններ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացման խթանում, հետազոտության և նորարարության ոլորտում ներդրումների մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայկական հետազոտական հաստատություններին, համալսարաններին և անհատ հետազոտողներին “Հորիզոն 2020”-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարողություն: Իր ելույթի ավարտին Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի բոլոր գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար, ինչպես նաև շնորհավորել բոլորին` ծրագրի աշխարհագրությունը ընդլայնելու, ջերմ ընդունելության և Հայաստանին՝ Եվրոպական լուսավոր գաղափարներով և դեմոկրատական արժեքներով հարուստ գիտական ցանցին միանալուն հրավերքի համար:

Եվրոպական հանձնակատար Կարլոս Մոեդասը շեշտելով, որ ԵՄ հետազոտության, գիտության և նորարարության ոլորտը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար, ընդգծել է, որ Հայաստանը 16-րդ երկիրն է, որը միանում է նորարարության ֆինանսավորման աշխարհի խոշորագույն ծրագրին՝ “Հորիզոն 2020” -ին: Եվրոպական հանձնակատարի խոսքով՝ այս գործընթացն առաջ կբերի նոր և յուրահատուկ փորձագիտական գաղափարներ և կհարստացնի միջազգային հետազոտական համագործակցության շրջանակը:

Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Հայաստանի միացումը “Հորիզոն 2020” ծրագրին Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններն ընդլայնելու ԵՄ հանձնառության կոնկրետ օրինակ է: Ծրագրի միջոցով Հայաստանի հետազոտական հիմնարկները և մասնավոր ոլորտը կունենան հազվագյուտ հնարավորություն՝ ֆինանսավորում ստանալու առաջնակարգ հետազոտությունների և գիտության զարգացման համար:

Նշենք, որ “Հորիզոն-2020” ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին՝ մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող առաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն:

“Հորիզոն-2020” ծրագրին ասոցացված անդամակցության համար Հայաստանը յուրաքանչյուր տարի պետք է կատարի ֆինանսական ներդրում: Բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի ֆինանսական ներդրումը լինելու է 87.5 % զեղչի պայմաններում:

“Հորիզոն-2020” ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031