Երեկ Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է , որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ որ ցանկանա. «Որ ասում են, շաքարավազը մենաշնորհ է, այլ տեսակի սնունդները մենաշնորհ է, հիմա ես եւս մեկ անգամ հայտարարում եմ, յուրաքանչյուր գործարար, որը ցանկություն ունի զբաղվել այդ բիզնեսով, կարող է զբաղվել: Ես լինելու եմ հետեւողական, որեւէ մի գերատեսչության, նախարարության, պատկան մարմինների կողմից առանձնակի մոտեցումներ չեն լինելու: Լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Մենք այս գործընթացին լինելու ենք հետեւողական»:
Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը վարչապետի հավաստիացումներին թերահավատորեն է մոտենում: Գեւորգյանը նկատում է՝ եթե վարչապետն ասում է՝ պետական մարմինների կողմից առանձնահատուկ մոտեցումներ չեն լինելու, նա նաեւ պետք է ասի՝ մինչ այս եղե՞լ են այդպիսի առանձնահատուկ մոտեցումներ, թե՝ ոչ. «Եթե եղել են, ապա դրանք պետք է ուսումնասիրվեն, եւ մեղավորները պատժվեն, վնասներ կրած գործարարների վնասներն էլ փոխհատուցվեն: Եթե «պարզվի» որ մինչ այս չի եղել, ուրեմն՝ ընդհանրապես խնդիր չկա եւ անհասկանալի է, թե՝ ինչո՞ւ է վարչապետը հայտարարում, թե այդպիսի մոտեցում չի լինելու: Այսինքն՝ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես եղել է՝ մենաշնորհները լինելու են, ավելին՝ բարգավաճելու են ու անընդհատ ընդլայնվեն՝ մյուսների հաշվին»:
Հանրությունը վարչապետի ազնիվ մղումներին վստահեց, թե՝ ոչ, դա կախված է Աբրահամյանի աշխատանքների արդյունքից: Տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն ասում է, որ ինքը կհավատա Աբրահամյանի՝ մենաշնորհների դեմ իսկապես պայքարելուն, եթե վարչապետը կարողանա պատասխանել մի շատ պարզ հարցի, որը բազմիցս բարձրաձայնվել է՝ «Ողջ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանում 1 կգ շաքարի մանրածախ գինը եղել է 220 -240 դրամ, Հայաստանում՝ 340 դրամ: Վարչապետը կարո՞ղ է բացատրել, թե՝ այդ ինչո՞ւ ոչ մի գործարար Ռուսաստանից այդպես էլ գոնե 1 կիլոգրամ շաքար չբերեց ու այստեղ 300 դրամ չվաճառեց: Ինչո՞ւ, ոչ մի գործարար չուզեցավ հաշված ժամերի ընթացքում գերշահույթներ ստանալ: Թող վարչապետը պատասխանի՝ ողջ 2015-ի ընթացքում Ռուսաստանում բանանի 1 կիլոգրամը 320-400 դրամ էր, Հայաստանում՝ 1000 դրամ: Այդ ինչո՞ւ ոչ ոք չսկսեց էժան բանան ներկրել ու գերշահույթ ստանալ: Քանի դեռ ես այս հարցերի տրամաբանական պատասխանները չեմ լսել, ես չեմ հավատալու այդ հայտարարությանը»:
Գեւորգյանը կոնկրետ մատնանշում է, թե ի՞նչ կլինի այն անձի հետ, որը հանդգնի շաքար կամ բանան ներկրել. «Եթե որեւէ գործարար բանան կամ շաքար ներկրի, նրա ապրանքը կմաքսազերծեն հսկիչ գնով` աստղաբաշխական թվով: Բայց երբ այդ նույն ապրանքները բերում են այսօրվա մոնոպոլիստները, նրանց ապրանքները մաքսազերծվում են հաշիվ ֆակտուրայով` մի քանի անգամ ավելի էժան: Եթե վարչապետի հայտարարությունից հետո, հենց հաջորդ առավոտվանից սկսած մաքսայինը կդադարեցնի շռայլությունը՝ բոլոր ապրանքները, բացարձակապես բոլոր ապրանքները «հսկիչ գնով» մաքսազերծելը, ես կհավատամ: Առաջարկում եմ հենց վաղը առավոտյան գնալ մաքսային անցակետ ու տեսնել՝ արդյոք փոքր ու «անթիկունք» գործարարները կարողանո՞ւմ են հաշիվ ֆակտուրայով գոնե մի ապրանքատեսակ մաքսազերծել: Եթե գտնենք այդպիսի դեպք, ես կհավատամ, որ վիճակ է փոխվել: Եթե այս ամենը չկա, ապա վերջին շրջանում հնչող ամպագոռգոռ ելույթները ու հավաստիացումները հեքիաթներ են, փուչիկներ»:
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ մենաշնորհների դեմ պայքարում օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում. Նա վստահեցրել էր, որ նոր Սահմանադրությամբ էլ հակամենաշնորհային օրենքի պահանջ է լինելու եւ, ինչպես ասել է նախարարը՝ «Առաջին հերթին օրենսդրական վերանայումների կարիք կա, երկրորդը՝ գործիքակազմի վերանայում ու հստակեցում»:
Նոր օրենքի՞, թե քաղաքական կամքից է կախված Հայաստանում մենաշնորհների վերացումը, մեր այս հարցին ի պատասխան էլ Հայկ Գեւորգյանն ասում է՝ «Հակամենաշնորհային, նույնիսկ ամենակատարյալ ու ամենախիստ օրենքը Հայաստանում գործել չի կարող, եթե չկա քաղաքական կամք մենաշնորհներ ջախջախելու կամ գոնե ազդեցությունը նվազեցնելու համար: Ցանկացած մոնոպոլիստ կարող է իր բիզնեսը «կտրատել» 100 մասի ու գրել իր զոքանչի, մորաքրոջ տղայի, հարեւանի, կամ հարեւանի բաջանաղի անունով, ու ամեն ինչ դրանով կվերջանա: Իսկ եթե կա քաղաքական կամք, ցանկություն, եւ ունակություն, նույնիսկ ամենաթերի, ու թույլ օրենսդրությամբ կարելի է ջախջախել մենաշնորհները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ