«1071 էր ծառայողական մեքենաների թիվը, 797-ը որ կրճատել են՝ լավ է: Բելգիայի նման պետությունը 24 հատ ծառայողական մեքենա ունի կառավարությունում: Հիմա եթե մերոնք 70 տոկոսը կրճատել են, դա էական նշանակություն կունենա»,- Aravot.am-ի հետ զրույցում կառավարության որոշման մասին այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը որոշել է 797 ծառայողական մեքենա կրճատել, բայց ձեռք չտալ Ազգային անվտանգության եւ քննչական մարմինների, ոստիկանության եւ փրկարար ծառայության մեքենաներին:
Վահագն Մախսուդյանը գտնում է, որ միայն մեքենաները կրճատելով՝ հարցը չի լուծվի. «Ադրբեջանի նման գազան ունենք մենք, խնայողություն ինչքան ասես պետք է: Մեզ պետք է նեղություն տանք, խնայողությունները շատ անենք, որպեսզի կարողանանք դիմակայել»:
Հարցին՝ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին կարելի է խնայողություն անել, տեսնո՞ւմ եք խնայողության տեղ, որովհետեւ կառավարությունը բյուջեի քննարկումների ժամանակ ասում է, որ առանց այն էլ խիստ խնայողաբար են մոտենում միջոցներին՝ Վահագն Մախսուդյանը պատասխանեց. «Չէի ասի, կգտնենք տեղ: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ժամանակով ինսուլինը չգնացին մրցութային կարգով գնելու, այլ գնացին Գերմանիայից գնեցին բերին եւ 900 մլն դրամ խնայողություն արեցին, տեսեք ինչ արին: Խնայողության այնպիսի տեղեր կան…
Կարդացեք նաև
Ինձ թվում է, որ եթե կառավարությունը լիարժեք անի, նա 1 մարմին կստեղծի գնումների համար, որ գնա գործարանից գնի: Աշխատավարձ ես տալիս, իրենց հետ պիտի պայմանավորվես եւ հսկողություն էլ դնի վրները, որ չգնան բազար անեն գործարանի հետ՝ իրա գնով գնի: Եթե սա արժի 10 դրամ, ինչի՞ ես դու 2 մարդ գցում մեջտեղը, սա դառնում է 30 դրամ: Էս թուղթը արժի 10 դրամ, ինչի՞ 10 դրամով չես գնում, առաջին ձեռք, երկրորդ ձեռք, երրորդն էլ են գցում մեջը, բա եղա՞վ:
Շատ տեղեր կա, որ մենք կարող ենք խնայողություն անել: Մենք էդքան հարստություն չունենք: Եթե մեր 4 մլն հայը մնար, աշխատեր էս պետության մեջ, արժեքներ ստեղծեր, էսօր Ադրբեջանը վախից մեր կողքն էլ չէր գա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ