Այսօր կառավարությունը որոշել է 797 ծառայողական մեքենա կրճատել, բայց ձեռք չտալ Ազգային անվտանգության եւ քննչական մարմինների, ոստիկանության եւ փրկարար ծառայության մեքենաներին:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդքան կրճատումն էական է. «Մոտ 60-70 տոկոս կրճատվել է: Բայց եթե մեքենան անհրաժեշտ է՝ օպերատիվ ծառայություն մատուցելու, այսինքն, անմիջականորեն իր կողմից պետական ծառայություն մատուցելու որակի վրա ազդող գործիք է, սա մեկ բան է, այլ բան է, երբ սովորական քաղաքացիական բնույթի գերատեսչություն է, որտեղ պարզ չի, թե ծառայողական մեքենան իր կողմից մատուցվող ծառայության հետ ուղղակի կապ ունի՞, թե՞ չունի: Միջին օղակներում կարող են կրճատել, եթե մեքենան պասիվ միջոց է»:
Մեր հարցին՝ դա խնայողության լա՞վ մեթոդ է՝ մեքենաները կրճատելը, այն ինչքա՞ն միջոցներ թույլ կտա խնայել՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, եթե միջինը հաշվենք, որ օրական 10 լիտր բենզին է հատկացվում, վարորդի աշխատավարձը, տեխսպասարկումը, այդքանը մոտ 5 մլն դրամ պետք է լինի՝ տարեկան: Այսինքն, 1 մեքենան տարեկան 5 մլն-ի ծախս է միջինը»:
ԲՀԿ պատգամավորը կողմնակից է, որ ծառայողական մեքենաների թիվը շատ կրճատվի. «Դա հանրային հնչեղություն ունի, տեսնում ես, երեւացող մասն է: Խնայողության լավ մեթոդներ էլի կան, դա պետք է շարունակել՝ գործուղումներ, անիմաստ վերանորոգումներ, ճոխություններ, ներկայացուցչական ծախսեր: Բայց այնտեղ, որտեղ պրոցեսի որակի վրա պետք է ցույց տանք ծախսը, դա պետք է թողնել: Իսկ եթե անուղղակի սպասարկում է անձին՝ բնականաբար, պետք է կրճատել: Սա միանգամյա գործընթաց չէ»:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանը գտնում է, որ արմատական լուծում է պետք, որը տնտեսական աճն է. «Եթե մենք հիմա չկարողանանք այնպիսի քայլեր անենք, որ աճ ունենանք, օրինակ, մենաշնորհների դեմ պայքարենք…Երեկ ասվեց, որ այսուհետեւ կարող եք բենզին, շաքարավազ ներկրել, այսինքն ի՞նչ, մինչեւ էդ չէի՞ն կարող, մի հատ պետք է ճշտել: Եթե չէին կարող, ինչի՞ չէին կարող: Եթե տարիներ շարունակ 1-2 սուբյեկտ է ներկրում, մարդիկ ինքնակա՞մ չեն մտնում, թե՞ մեկն արգելում է ինչ-որ ձեւով: Դրան մի հատ պիտի գնահատական տանք, նոր անցնենք առաջ: Որովհետեւ երբ հիվանդությունը բուժում ենք, պետք է հիվանդության պատմությունը նախ ուսումնասիրել, տեսնես՝ ինչից է առաջացել: Իսկ այսօր մենք ասում ենք՝ շարժվենք առաջ, բայց չենք ասում ինչ է եղել, ո՞նց շարժվենք, ինչի՞ համեմատ շարժվենք, որ հետո համեմատենք: Այսինքն, էդ 4-րդ, 5-րդ, 6-րդ ներկրողներն ինչի՞ չէին գալիս: Եթե պարզ չասես պատճառը, չի լինի: Հիմա մենք ուզում ենք արմատական փոփոխություններ անենք, բայց չէ՞ որ տարիներ շարունակ էդ համակարգի, էդ ոճի կրողներ կան: Հիմա պետք է վերանորոգե՞նք կառուցվածքը, թե՞ քանդենք, նորը կառուցենք, այս հարցի պատասխանը մենք չունենք դեռ: Նրանք ուզում են նո՞րը կառուցել, թե՞ հընթացս բարելավումներով գնան: Խաղի կանոնը պիտի փոխես, որ էությունը փոխվի, որ մարդը փող դնի, բիզնես դնի՝ ասի՝ իմ բիզնեսին չեն կպնելու, ես ազատ աշխատելու եմ: Սա դեռ չկա, հարցական է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ