Գործադիրը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։
Օրինագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերը դեռևս անցկացնում են քննարկումներ՝ միասնական ստանդարտի ընդունման ուղղությամբ միության անդամ երկրների համար: Արդյունքում՝ ակնկալվում է 2018թ. հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում:
2016թ. ամառային զորակոչը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ ակնկալվում է կարգավորել 2016թ. մայիս–հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Կառավարության որոշումներով համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Ախլաթյանի և Դարբասի, Արագածոտնի մարզի Օթևանի համայնքներում: Նշվել է, որ Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը զոհվել են ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է նրանց հետմահու պարգևատրել վարչապետի հուշամեդալով:
Կարդացեք նաև
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին կիսամյակում ավելացված արժեքի հարկի վերադարձի, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների հետ 2016թ.-ին նախատեսվող համատեղ վերահսկողական միջոցառումների աշխատանքներին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ վերահսկիչ պալատի մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Որոշման նպատակն է ՀՀ 2016թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 5.7 մլրդ դրամ ս.թ. երրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. երկրորդ եռամսյակ և «ՀՀ վերահսկիչ պալատի պահպանում» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով երրորդ և չորրորդ եռամսյակներից 17.5 մլն դրամ տեղաշարժել ս.թ. երկրորդ եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրերի գծով հատկացումների տարեկան գումարները): Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կնպաստի տնտեսության ակտիվությանը:
Կառավարության որոշմամբ թույլատրվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով ՀՀ-ում ձեռք բերել Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան փողոց, թիվ 11/99 հասցեում գտնվող հողամասը՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ