Հարցին, թե մեկ շաբաթվա ընթացքում մենաշնորհային դիրք զբաղեցնող քանի՞ գործարարի է հայտնաբերել, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ է անցել եւ որ բոլոր «մոնոպոլիստների» անունները կհրապարակի իր կողմից պատրաստվող զեկույցում:
Կառավարության այսօրվա նիստից հետո պարոն Մինասյանը պատասխանելով լրագրողի այն հարցին էլ, թե ի՞նչ է, նախարարը չգիտի՞ մենաշնորհների տեղը, որ լրագրողներին է կոչ արել մենաշնորհների դեպքերը ներկայացնել, ասաց. «Ես դիմել եմ լրագրողներին՝ իմ խոստումի համաձայն, որպեսզի բոլորը տեսնեն, որ ես բաց ու հրապարակային աշխատող եմ: Հիմա, եթե համաձայն չեք, մի օգնեք: Ես իմ գործն անելու եմ՝ հանձնարարականին համապատասխան»:
Այն դիտարկմանն էլ, թե վարչապետը հանձնարարել է հավասար պայմաններ ապահովել բոլոր ներկրողների համար, օրինակ, կարո՞ղ են բոլոր ցանկացողներն արդեն շաքարավազ կամ մեկ այլ մենաշնորհված ապրանք ներկրել Հայաստան հարցին, նախարարն ասաց. «Կոնկրետ հանձնարարականներ են եղել, ընթացքի մեջ են: Մեկն էլ այսօր էր՝ հուշաթերթի պատրաստում՝ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ու փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ: Ցանկացած միջամտություն, որն այդ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն ու համապատասխան արձագանք ու արագ գործողություններ են լինելու»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, այսօրվա նիստում «Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, նրանց համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:
Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ»: