Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետին առաջարկում են ապրիլյան պատերազմի կենդանի հերոսներին նվիրված պուրակներ ստեղծել

Մայիս 19,2016 15:47

«Մեդիա կենտրոնում» մայիսի 19-ին ներկայացվեց «Կենդանի հերոսների պուրակ» ծրագիրը, որը նվիրված է ապրիլյան պատերազմական գործողություններին մասնակցած հայ զինծառայողներին:

«Քննարկումների ընթացքում հասկացանք, որ ՀՀ-ում հուշակոթողները զոհված հերոսներին են նվիրվում, իսկ կենդանի հերոսներին նվիրված նախաձեռնություններ չկան: Այդ պատճառով էլ կենտրոնացանք մեր կենդանի հերոսների վրա` այդ կերպ ցանկանալով շնորհակալություն հայտնել նրանց»,-ներկայացնելով գաղափարը` ասաց ծրագրի հեղինակ, բնապահպան Կարինե Փանոսյանը` նկատելով, որ մերօրյա հերոսներին շատերը չեն էլ ճանաչում:

Կարինե Փանոսյանի խոսքով` ծրագիրն արդեն մեծ թվով գաղափարակիցներ ունի, այն սատարում են մասնավորապես ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ծրագիրը ներկայացնում է էկո-պուրակ, որտեղ կկիրառվեն արեւային մարտկոցներ, իսկ նստարանները կլինեն ոչ թե փայտից, այլ կենցաղային այլ նյութերից: Նախագծի հեղինակները մտադիր են պուրակում բացի դեկորատիվ ծառերից, նաեւ կենդանի հերոսների անուններով պտղատու ծառեր տնկել` որպես կյանքի շարունակականության խորհրդանիշներ:

«Սա առիթ է, որպեսզի մարդիկ համախմբվեն, միասին խնամեն ծառերը եւ բերք հավաքեն: Բերքը կարելի է տրամադրել տվյալ համայնքի անապահով ընտանիքներին: Պուրակը լինելու է ոչ թե քարակերտ, այլ կենդանի կոթող` որպես շնորհակալության խոսք մեր կենդանի հերոսներին»,- ասում է Կարինե Փանոսյանը:

Ռազմագետ Արմեն Սարգսյանն էլ հիշեցրեց ապրիլյան պատերազմում մեր զինվորների սխրանքները. «Զինվորը նռնականետով ուղղաթիռ է խփել… փոքր-ինչ ֆանտաստիկ է, բայց` իրականություն: Անուններ չտանք, այլ առաքինի մարտիկի կերպար ձեւավորենք: Պետք է կենդանի հերոսների մասին զրույցներ եւ հանդիպումներ կազմակերպենք` էկո-մշակույթի միջոցով` բետոնային մշակույթից վերադառնալով բնությանը»:

«Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Երեւանի զարգացման այս տարվա ծրագրով 26 հազար ծառ է նախատեսվում տնկել. «Երիտասարդները քաղաքապետին ասում են` այս ծրագիրը տվեք մեզ: Այն փողերը, որ պետք է ծախսեք, տրամադրեք մեզ, մենք բարեխղճորեն յուրաքանչյուր վարչական շրջանում կգտնենք տեղ եւ կտնկենք: Գաղափարն այն է, որ այդ ծառերը մեր հերոսների անուններով պետք է լինեն: Այս երիտասարդները թեթեւացնելու են Քաղաքապետարանի հոգսերը: Կարծում եմ` քաղաքապետը պետք է կանգնի այս երիտասարդների եւ նրանց ծրագրի կողքին»:

Տիկին Բախշյանն ասաց, որ խոնարհվում են հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակի առաջ, միաժամանակ, գտնում են, որ կենդանի հերոսներին էլ պետք է ապրեցնել, մեծարել եւ չվիրավորել. «Այսօր Արցախի հերոս կա, որ բանտում է…»:

Ծրագրի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ հաջորդ շաբաթ նախագիծը կներկայացնեն Երեւանի քաղաքապետարանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա Կենտրոն»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031