Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամ Հասան Բուրգուջուօղլուն Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամների հետ Երեւանում է: Մայիսի 19-ին «Նոյյան տապանում» կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում:
Թուրք գործիչը իր հետ Հայաստան ժամանած Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեին անվանեց Հայոց ցեղասպանության ճանաչման շարժիչ՝ Բունդեսթագում: Ապա նշեց, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է Գերմանիայում ապրող քրդերի ու չերքեզների համար, եւ ավելի մեծ ազդեցություն կունենա Գերմանիայում, քան կարծում են բոլորը:
«Հուսով եմ, որ Թուրքիան էլ մի օր խելքի կգա, կճանաչի Հայոց ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանում ու անպայման կհատուցի: Հանձին ինձ՝ ես կարեւորում եմ թուրք մարդու այցը Հայաստան եւ այս խնդիրների լուսաբանումը, ուզում եմ, որ սերունդները տեղյակ լինեն եւ կարողանան շարունակել ապրել միմյանց հետ»,- հայտնեց Հասան Բուրգուջուօղլուն:
Նա փաստեց, որ արդեն քանի տարի է՝ ցեղասպանության օրը հիշատակվում է նաեւ Թուրքիայում՝ թուրք առաջադեմ մտավորականների փոքրաթիվ խումբը ապրիլի 24-ին հավաքվում է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: «Գործընթացը սկսվել է եւ այլեւս հետդարձ չկա, միայն շատ եմ ցանկանում, որ հայ ազգը կարողանա մեր ներողությունը ընդունել, ինչը երկարատեւ գործընթաց կլինի»:
Թուրք գործիչը բարձրաձայնեց նաեւ Պոնտոսի հույների ու այլ ազգային փոքրամասնությունների՝ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ