Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի

Մայիս 19,2016 15:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է զեկույց՝ նախորդ նիստին  վարչապետի տված  հանձնարարականի վերաբերյալ .

«Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ

Ի կատարումն կառավարության նախորդ նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի՝ զեկուցում եմ, որ բոլոր կետերով աշխատանքները սկսված են, ինտենսիվ ընթանում են:

Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, և արդյունքը հետևյալն է. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական ծառայությունների, ինչպես նաև փրկարար ծառայության:

Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից:

Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Ի լրումն նշածիս նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով`

1) Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:

2) Բոլոր նշած մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

3) Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:

Ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվում են:

Բացի այդ, պարոն վարչապետ, առաջարկվում է, որպեսզի բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործվեն, տալ հանձնարարական պետական իշխանության կառավարման մարմիններին` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված (ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը) միջծրագրային, միջհոդվածային, միջեռամսյակային, ներհոդվածային, այդ թվում նաև՝ գնումների անվանացանկի փոփոխությունները, բոլոր այդ վերաբաշխումները համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ: Այս պահին այսքանը, պարոն վարչապետ»:

Փոխվարչապետ,  ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ ՀՀ վարչապետի անցած շաբաթվա ելույթում կար հանձնարարական՝  կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ:

Փոխվարչապետը զեկուցել է, որ կառավարության ղեկավարի  հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն և ներկայացնելու է  առաջարկություններ:  Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի նիստերը կմեկնարկեն  հաջորդ  շաբաթվանից:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031