Գերմանիայի Ձախ կուսակցության անդամներ, Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեն (Բեռլին), Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերը եւ Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամ Հասան Բուրգուջուօղլուն այս օրերին Հայաստանում են, այցելել են նաեւ Արցախ, հանդիպել պաշտոնատար անձանց հետ:
Մայիսի 19-ին «Նոյյան տապանում» կայացած ասուլիսում Մարդին Դոլցերը նշեց, որ տպավորված է այցելություններով: Ասաց, որ գիտեն, թե ինչ է նշանակում պատերազմ:
Անդրադարձավ նաեւ Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման՝ իրենց կուսակցության ջանքերին: «Մենք ուզում ենք հունիսի 2-ին Բունդեսթագում ընդունվելիք բանաձեւում մտնի Գերմանիայի պատասխանատվության եւ մեղսակցության հարցը, բայց մեզ համար ավելի կարեւոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում նման գործողությունները չկրկնվելու համար: Ժամանակին գերմանական Ռայխը շատ լավ տեղեկացված է եղել իր բժիշկների, սպաների, հյուպատոսների միջոցով, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, սակայն Գերմանիայում աչք են փակել դրա առաջ, դեռ մի բան էլ ավելին՝ շարունակել են աջակցել իրենց զինակից Թուրքիային:
Ցավոք այսօր էլ մեր կառավարությունը շատ սերտ համագործակցության մեջ է էրդողանի հետ, եւ մենք քննադատություն չենք տեսնում քրդերի հանդեպ՝ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ: Էրդողանի կառավարությունն, ըստ էության, ապակառուցողական քաղաքականություն է վարում, աջակցում է Ադրբեջանին նաեւ վերջին դեպքերի համատեքստում (ղարաբաղյան հակամարտության.- Գ.Հ): Ըստ մեր տեղեկությունների, Թուրքիան մասնակցություն է ունեցել վերջին գործողություններին: Որպես խաղաղության կուսակցություն՝ մենք գիտենք ինչ բան է պատերազմը, խոշտանգումները, հանցագործությունները մարդկության դեմ, ուստի ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով եւ տարածաշրջանային շահերի ու նկրտումների փոխարեն շեշտադրվեն մարդու իրավունքներն ու ինքնորոշման սկզբունքը»,- հայտնեց Մարդին Դոլցերը:
Նա ԵՊՀ-ում հանդիպել էր նաեւ համալսարանականների հետ: Պարոն Դոլցերը կարծում է, որ տեղին կլինի, եթե Գերմանիայի մարզերում դասագրքերում ներառվի Հայոց ցեղասպանության թեման, այդ դեպքում, նրա համոզմամբ, այլ տեսանկյունից կդիտարկվի խնդիրը եւ դրան կնպաստի կրթությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ