Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 19-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Օֆշորի գործի» քննությունը: Դատավորը տեղեկացրեց, որ նախորդ նիստի ընթացքում ավարտվել էր ամբաստանյալի հարցաքննությունը, ստացվել էին միջնորդություններ, որոնք էլ քննարկվեցին այս նիստի ընթացքում:
Գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը միջնորդությամբ առաջարկեց որպես վկա հարցաքննել երկու անձանց` Վահան Հարությունյանին եւ փորձագետ Գեւորգ Մկրտչյանին: Պաշտպանի փոխանցմամբ` Վահան Հարությունյանն աշխատել է Սյերա Լեոնեում եւ տեղյակ է այս գործով նիստի ընթացքում քննարկված գործարքներից:
Դատարանն այս միջնորդությունը մասնակի բավարարեց: «Քանի որ Վահան Հարությունյանն ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի խնամին է, դատարանը գտնում է, որ նա գործի հետ կապված շահագրգիռ անձ է եւ ձեռնպահ կմնա օբյեկտիվ ցուցմունքներ տալուց»,-նկատեց դատավորը:
Պաշտպան Խաչատրյանն էլ առարկեց` ասելով, որ ոչ մի օրենք չի անդրադառնում խնամի լինելու հանգամանքին, եւ խնամին չի համարվում բարեկամ: Այնուամենայնիվ, միջնորդությունը բավարարվեց միայն փորձագետին հարցաքննելու մասով: Այսպիսով, հաջորդ դատական նիստերին դատարան կհրավիրի փորձագետը:
Կարդացեք նաև
Գործով տուժող, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպանն էլ միջնորդություն ներկայացրեց` հարցաքննել «ԱմերիաԲանկ»-ի տնօրենին եւ նույն բանկի հաճախորդների սպասարկման գծով տնօրենին` բանկի վարկառու համարվող Աշոտ Սուքիասյանի եւ հենց բանկի որոշակի պարտավորություններ հստակեցնելու նպատակով: Դատարանը չմերժեց Փայլակ Հայրապետյանի նշյալ միջնորդությունը, որով առաջարկվում է հարցաքննել նաեւ ՀՀ Ֆինանսների նախարարության որոշ աշխատակիցների:
Դատարանի որոշմամբ, հաջորդ դատական նիստին կհրավիրվի փորձագետը, հետո` Ֆինանսների նախարարության աշխատակիցները: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 26-ին, ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ «Օֆշորի» գործով տուժող Փայլակ Հայրապետյանի պնդմամբ` իր 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել եւ Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար` Աֆրիկայում ոսկու եւ ադամանդի արդյունահանման նպատակով: Սուքիասյանն էլ, ըստ մեղադրանքի, գումարը փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, եւ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Սուքիասյանի պնդմամբ էլ` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առնչություն չունեն օֆշորային սկանդալի հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ