Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլլա Յելփքե. «Իրերը պետք է անուններով կոչել ու ասել Ցեղասպանություն»

Մայիս 19,2016 14:43

Մայիսի 19-ին«Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացավ Գերմանիայի Ձախ կուսակցության անդամներ, Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեի (Բեռլին), Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերի եւ Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամ Հասան Բուրգուջուօղլուի մամուլի ասուլիսը: Նրանք նշեցին, որ Արցախում հանդիպել են Արցախի նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԺ նախագահի հետ:

Տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը ներկայացրեց պատվիրակությանը եւ այցի մանրամասները: Նա նշեց, որ տիկին Ուլլա Յելփքեի հետ հանդիպել է 2016 թ ապրիլին, ու իմանալով նրա հայանպաստ աշխատանքի մասին՝ Բունդեսթագում, գնահատելով տիկնոջ եւ նրա կուսակցության ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական ճշմարտության վերհանման առումով, առաջարկել է գալ Հայաստան, հետագայում որոշվել է նաեւ Ղարաբաղ այցելել:

Ուլլա Յելփքեն նշեց. «Մեզ Հայաստան է բերել երկու պատճառ, առաջին հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրներն են, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունը: Մենք ցանկանում էինք Արցախ այցելել եւ մեր աչքերով ամեն ինչ տեսնել, մանավանդ գիտենք, որ վերջերս կրկին պատերազմ է ծագել»:

Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամը շեշտեց, որ երկար տարիների պայքարից հետո, որի մեջ ակտիվորեն ընդգրկված է իր կուսակցությունը, վերջապես հունիսի 2-ին բանաձեւ պետք է ընդունվի: «Վերջապես իրերը իրենց անուններով կկոչվեն, այսինքն՝ Ցեղասպանություն: Ըստ էության դա պետք է վաղուց տեղի ունենար, լավ է, որ գոնե կկայանա հունիսի 2-ին: Ձախերս ցանկանում ենք, որ բանաձեւն ընդգրկի Գերմանիայի պատասխանատվության եւ մեղսակցության հարցը նույնպես: Ուզում ենք գերմանացի հասարակության գիտակցությանը հասցնել այն, որ Գերմանիան որպես այն ժամանակվա Թուրքիայի դաշնակից, բազմաթիվ զինվորներով ու գեներալներով մասնակցել է գործողություններին: Իմիջիայլոց, նախորդ տարի 100-ամյակի հետ կապված քննարկումները Բունդեսթագում այնպիսի բնույթ ունեին, որ փորձում էին այսպես կոչված սվաղելով ներկայացնել խնդիրը, ինչը նշանակում է ծածկել իրողությունները: Չի կարելի մարդկության նկատմամբ գործված հանցագործությանն այդ ձեւով նայել:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, մենք մեծ անհանգստությամբ ենք հետեւում նոր բռնկումներում, մեզ շատ անհանգստացնում է այն, որ Էրդողանն առաջիններից մեկն էր, որ Ադրբեջանին ոգեւորող հայտարարություն արեց: Լինելով խաղաղասերների կուսակցություն՝ ձախերս գտնում ենք, որ ԼՂՀ խնդիրը պետք է խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031