Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակիչ,1969թ. ծնված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. օգոստոսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում Լուսաձոր գյուղի հարակից տարածքում, իրեն պատկանող ցորենի արտում բռնկված հրդեհի ժամանակ, գտնվելով հոգեկան լարված վիճակում, նկատել է հրդեհի վայրից հեռացող եւ օգնություն ցուցաբերելուց խուսափող, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Մելիքսեթյանին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով մարմնական վնասվածք:
Լուսաձոր համայնքի ավագանու անդամ Վ. Մատինյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նախկինում չդատված Վիգեն Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջության այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ»): Սույն հոդվածով բնութագրվող արարքի համար նախատեսված է 50-150 հազար դրամ տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք:
Այս քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Սույն պատմության մասին մենք հայտնել ենք անցյալ տարի:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ 2015 թ. օգոստոսի 1-ին Լուսաձորում ցորենի արտի հրդեհը հանգցնելու համար Իջեւանից այդ գյուղ է ժամանել հրշեջ խմբի հրամանատար Ա.Մելիքսեթյանը, նա ավտոմեքենա նստելով ցանկացել է առաջ գնալ՝ տեսնելու համար, թե հրշեջ մեքենան ո՞ւր է հասել, մոտենո՞ւմ է վառվող արտին: Հոգեկան հուզմունքի մեջ գտնվող Վ. Մատինյանն էլ կարծելով,, որ նա չի ցանկանում արտը հանգցնելու համար իրեն օգնել, հեռանում է, նրան հարվածներ է հասցրել:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (2015թ.այդ նախարարությունները մեկ կառույց էին) կայքը ոչ մի տեղեկություն չհաղորդեց արտակարգ այդ դեպքի մասին: Դատարան ուղարկված քրեական գործում Անդրանիկ Մելիքսեթյանը ներկայացված է ոչ թե որպես Իջեւանի հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ, այլ՝ Գանձաքար գյուղի բնակիչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ