«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Ալիեւ-Սարգսյան Վիեննայում կայացած հանդիպումը համարում է եռանախագահների ցանկությունը բավարարող անպտուղ հանդիպում:
Այսօր «Անդրադարձ» ակումբում նա ասաց, որ բանակցությունները վերսկսելու ոչ մի հիմք չի տեսնում, հատկապես, որ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դրված երեք նախապայմաններն էլ, ըստ էության, չեն կատարվել:
«Սերժ Սարգսյանը երեք նախապայման է դրել բանակցությունները վերսկսելու համար, երեքից երեքն էլ չի կատարվել, ասում են կատարվել է, հո ասելով չէ: Նախապայմաններից մի հատի վերաբերյալ խոստում կար Վիեննայում, բայց Սերժ Սարգսյանը վերադարձավ, հարցը փակվեց: Չգիտեմ՝ կսկսեն բանակցություններ, թե՝ ոչ: Սերժ Սարգսյանի փոխարեն լինեի, չէի սկսի, քանի որ իր դրած որեւէ նախապայման չկատարվեց, այսինքն նախապայման եմ դնում, հետո հրաժարվո՞ւմ, դա ամենավարկաբեկող բանն է պետության համար»,- ասաց Արա Պապյանը:
Պարոն Պապյանն առաջարկում է ստեղծված իրավիճակում պատերազմել, ոչ թե բանակցել Ադրբեջանի հետ:. «Պատերազմն անխուսափելի է, դրանից չեք փախչելու, ամռանը սպասեք մյուս պատերազմին: Ալիեւն այնքան հիմա՞ր է, որ հինգ միլիարդ դոլարի զենք է առել, որ պտտեցնի՞ շքերթում: Եթե ձեր հույսն այն է, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի մեջ ենք, ու ՌԴ-ն մի բան կանի, սխալվում եք, տեսեք իրավիճակը Տավուշում»:
Կարդացեք նաև
Ինչի՞ն է սպասում Ադրբեջանը, որ ոչ թե հիմա, այլ ամռանը կսկսի պատերազմ, ըստ պարոն Պապյանի. «Ալիեւը անցկացնում է ֆորմուլա 1, իրեն պետք է որ մինչ այդ, պատերազմ չլինի, հետո գալիս է ՆԱՏՕ-ի վեհաժողովը Վարշավայում, ինքը մինչ այդ վեհաժողովը կսկսի պատերազմ, որ հարցը մտնի ՆԱՏՕ-ի օրակարգ, մենք չենք հարամի ֆորմուլա 1-ը, իրենք կհարամեն Հռոմի պապի այցը Հայաստան»:
Արա Պապյանի համար պարզ չէ, թե ինչի շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերը կարող են համաձայնության գալ, երբ հայկական կողմը առավելագույն զիջման պատրաստակամություն է հայտնել՝ մադրիդյան սկզբունքները, բայց Ադրբեջանը դրան էլ չի համաձայնում. «Որ ասում եմ, թե Ադրբեջանը կսկսի պատերազմ ամռանը, նկատի չունեմ երկարատեւ պատերազմ; Ադրբեջանը երբեք չի գնա լայնածավալ երկարատեւ գործողությունների, որովհետեւ մենք ունենք որոշ հրթիռներ, որով կարող ենք հողին հավասարեցնել Բաքուն: Ադրբեջանը կգնա հնգօրյա, քառօրյա պատերազմի, սովորական սպառազինություններով ու մեզ զոհեր ու կորուստներ կպատճառի: Ամեն ռազմական բախում մեծ գումարներ արժե: Նայեք ինչ արժեն տանկերն ու հրթիռները: Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ են, բայց ինքը ֆինանսական խնդիրներ չունի, բացի դա հոգեբանորեն հեշտ են տանում մարդկային զոհերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ