Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում

Մայիս 19,2016 13:10

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մեկնարկեց «Միգրացիան և ՄԻԱՎ վարակը Եվրասիական տնտեսական միության երկրներում» խորագրով տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպվել է «Սպիդ-ինֆոսվյազ» հիմնադրամի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության, Ռոսպոտրեբնադզորի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնների և ծառայությունների, միգրացիոն ծառայությունների, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի և Հայկական կարմիր խաչի ընկերության շուրջ 50 ներկայացուցիչ։

Տարածաշրջանային խորհրդակցության նպատակը ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացումն է միջգերատեսչական համակարգման և երկրների միջև համագործակցության բարելավման միջոցով։

Երկու օրվա քննարկումների արդյունքում կգնահատվեն ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների համաճարակա-բանական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցությունը, ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության հարցերում միջգերատեսչական համակարգման և ԵՏՄ երկրների միջև համագործակցության առկա վիճակը, ԵՏՄ տարածքի ընդունող երկրներում աշխատանքային միգրանտներին հակա¬ռետ¬րո-վիրուսային բուժման տրամադրման հեռանկարները։ Միաժամանակ կանդրադառնան ՄԻԱՎ վարակի և համակցված վարակների նկատմամբ հսկողության կազմակերպման գործում միջազգային դոնորների դերին, կծանոթանան միմյանց փորձին։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը կարևորեց քննարկվող խնդրի արդիականությունը։ Չնայած ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը զարգանում է համանման սցենարով, այդուհանդերձ, տարբեր երկրներում այն ունի որոշակի առանձնահատկություններ, և յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է համաճարակի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Սակայն, հաշվի առնելով երկրների միջև սերտ կապը, միգրացիոն գործընթացների և հատկապես աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակն ու դրա ազդեցությունը տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի տարածման վրա, համաճարակաբանական միասնական տարածքը, համաճարակային գործընթացների փոխադարձ կապն ու փոխազդեցությունը` երկրների մասնատված գործողությունները զգալիորեն նվազեցնում են ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը։ Մինչդեռ բոլոր մակարդակներում համաձայնեցված և համակարգված ջանքերը հնարավորություն կտան էապես մեծացնելու ՄԻԱՎ վարակին հակազդման միջոցառումների արդյունավետությունը, ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի համաճարակը կդարձնեն ավելի վերահսկելի և կանխատեսելի։ Դա կնպաստի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի և ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության նվազմանը։

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը համառոտ ներկայացրեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները` անդրադարձավ միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և շարժական կլինիկայի աշխատանքներին:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան, կարևորելով խորհրդակցության անցկացնումը, ներկայացրեց այն հիմնական խնդիրները, որոնց աշխատանքային միգրանտները բախվում են հյուրընկալող երկրներում։ Նա առանձնահատուկ ընդգծեց միգրանտների համար ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը, տեղաշարժման սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դեռևս առկա են տարածաշրջանի որոշ երկրներում:
Ակնկալվում է, որ տարածաշրջանային խորհրդակցության արդյունքում կմշակվի ԵՏՄ երկրներում ՄԻԱՎ վարակի նկատմամբ հսկողության բարելավմանն ուղղված աշխատանքային պլան։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031