19 մայիսի 2016, Երևան: Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի՝ ավելի քան 218 ՔՀԿ-ներ միավորող կառույցի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների թեժացման կապակցությամբ եւ ս.թ. ապրիլի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության պաշտպանունակությունն ապահովելու ուղղությամբ իրենց առաջարկությունները.
– «Բոլոր չափահաս քաղաքացիների համար կազմակերպել հրաձգության եւ ռազմական պատրաստականության դասընթացներ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքներում ու գյուղերում,
– բոլոր չափահաս քաղաքացիների հետ անցկացնել առաջին բուժօգնության խորացված դասընթացներ,
– ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու ադեկվատ վարքի կանոնները (պաշտպանական համապատասխան օղակների մեջ ներգրավում, կոնկրետ իրավիճակներում` նկուղներում ապաստանելու ծրագրի մշակում եւ այլն),
Կարդացեք նաև
– բնակիչներին իրազեկել ռմբապաստարանների, պաշտպանական այլ կառույցների տեղակայության մասին (եթե անխնա սեփականաշնորհումներից հետո այդպիսիք դեռ կան), եթե չունենք նման անհրաժեշտ կառույցներ, սկսել դրանց կառուցումը/հարմարեցումը,
– վերականգնել եւ ընդլայնել ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործող մանկապարտեզների ցանցը, որպեսզի ընդհանուր զորահավաքի դեպքում, երբ կանայք պարտավոր լինեն համալրել ազատված աշխատատեղերը, գործեն նրանց անչափահաս երեխաներին աշխատանքային ժամերին խնամելու ենթակառույցներ,
– պետություն-հասարակություն կապը վերականգնելու համար կազմակերպել ոլորտային ռազմավարությունների լուրջ քննարկումներ,
– վերակազմակերպել ՏՏ, գիտական, գյուտարարական, ճյուղային-մասնագիտական հետազոտական խմբերի ֆինանսավորումը եւ աշխատանքը համապատասխան ուղղվածությամբ,
– ստեղծել հաշվետու թափանցիկ եղանակով գործող հիմնադրամ, որը նվիրատվությունների մեխանիզմով կապահովի քաղաքացիների թալանից ու հարստահարումից գոյացած օլիգարխիկ եւ չինովնիկական կապիտալների վերադարձը,
– անցնել տնտեսվարման խնայողական ռեժիմի`առկա պետական ռեսուրսների ռացիոնալ եւ նպատակային օգտագործման տրամաբանությամբ` «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսով»։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հայտնելով, որ ինքը և «Բարև Երևանի» մյուս անդամները միանում են «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսին և խնդրում պարզաբանել, թե քաղաքապետն ինչ քայլեր է ձեռնարկում սույն առաջարկներին ընթացք տալու ուղղությամբ:
«Կարծում ենք, որ վերոնշյալ առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լինելու ստեղծել մի աշխատանքային խումբ, որը կբխի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կարողություններից ու լիազորություններից և դրանց հիման վրա հստակ հանձնարարականներ կձևակերպի Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր կարգի մասնագետներին:
Պատրաստ ենք համագործակցել այս առաջարկությունները կյանքի կոչելու համար ստեղծված աշխատանքային խմբի հետ»,-ասվում է նամակում:
Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն