Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ին մի ձեռքով թթվածին են տալիս, մյուս ձեռքով՝ կտրում

Մայիս 19,2016 17:30

ՀԴՄ-ի սպասարկման վարձ են մուծում, բայց տարին մի քանի անգամ են
ՀԴՄ-ի տեսուչի երեսը տեսնում՝ այն էլ գումարը հավաքելու պատրվակով

ՓՄՁ-ներին ազատելով որոշ հարկերից, նրանց կողմից տրվող հաշվետվությունները դարձնելով պարզ եռամսյակային, քիչ հարկային ստուգումներ իրականացնելով՝ կառավարությունը մի ձեռքով թթվածին է տալիս, մյուս ձեռքով կտրում՝ նրանց վրա դնելով անտեղի պարտավորություններ:

Փոքրիկ կրպակի աշխատակիցը, որը մեծ դժվարությամբ դուրս է գալիս ջրի, լույսի, կրպակի վարձակալության ծախսերի տակից, եռամսյակը մեկ ստիպված է 6000 դրամ վճարել: Գումարը գանձվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի՝ ՀԴՄ-ի սպասարկման պատճառաբանությամբ: Անկախ նրանից՝ ՀԴՄ-ի տեսուչն այդ եռամսյակում դրամարկղային մեքենայի հետ կապված որեւէ սպասարկում անում է, թե ոչ, գործարարը պարտավոր է այդ գումարը վճարել:

Ամսական գումարը կազմում է 2 հազար դրամ, տարեկան՝ 24 հազար:
Մեզ հետ զրույցում կրպակատերը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, ասաց, որ սպասարկում ասվածը միայն ներկայանալն ու գումարը տանելն է, ուրիշ որեւէ գործողություն ՀԴՄ-ի տեսուչը չի անում: Եթե ինչ-որ հարց էլ լինում է, ապա կրպակատերը տարին մեկ կամ երկու անգամ հեռախոսով ճշտումներ է անում. «Չեղած տեղը փող են աշխատում»,- վրդովվում է փոքր բիզնեսի ներկայացուցիչը:
Ի դեպ, գործարարներից մեկը «Առավոտին» դժգոհություն էր ներկայացրել, որ պարբերականը համակարգով՝ 6 ամիս մեկ, իր հսկիչ-դրամարկղային մեքենան կոդավորվում է, եւ վերանորոգելու համար ինքը ստիպված է եղել վճարել 16 000 դրամ: Երբ ՓՄՁ ներկայացուցիչը հետաքրքրվել է թե ինչպես կարող է վերացնել այդ խնդիրը, նրան սպասարկող տեսուչը խորհուրդ է տվել ձեռք բերել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա, որը մի քանի անգամ թանկ արժե ներկայիս ՀԴՄ-ից:

Նշենք, որ ՀԴՄ-ների սպասարկման պարտավորությունը դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք դրվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ ՊՈԱԿ-ի վրա, որի կառավարման լիազոր մարմինը ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ-ը:

ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում պետք է կազմակերպի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը, իրականացնի դրանց տեխնիկական սպասարկումը: Թե ինչի համար է նշյալ ՊՈԱԿ-ն այդ գումարները գանձում՝ առանց լուրջ աշխատանք՝ սպասարկում կատարելու, գործարարներն այդպես էլ չեն հասկանում:

«Ասում են, որ Հայաստանում գործարար դառնալը հեշտ է, բիզնեսի գրանցման ընթացակարգը հեշտացել է, բայց այդ ամենը զրո է, եթե գործարարի ուսերին հազար ու մի սպասարկման վճարներ են դնում: Մտնում ես ընթացքի մեջ ու տեսնում ես՝ վայ, էս վճարը կա, էն վճարը կա, սպասարկման վճարներ պետք է տաս, վերջում թվերը գումարում ես ու տեսնում, որ տակը բան չի մնում: Իմ ՀԴՄ-ի սպասարկման համար ամսական 2000 դրամ՝ համարյա 5 դոլար եմ վճարում: Երկու տարի է՝ գալիս, գումարը պարտաճանաչ տանում են, եւ վերջ՝ իրենց սպասարկումը միայն դրանում է կայանում»,- մեզ հետ զրույցում դժգոհում է մեկ այլ գործարար, որը Տիգրան Մեծ փողոցում կոսմետիկայի բիզնեսով է զբաղվում:

 
Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031