Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ «Բանդա 2»-ից անջատված մասով

Մայիս 19,2016 17:00

Կենտրոնի դատարան ամիսների տարբերությամբ վարույթ ընդունվեց երկու գործ. «Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների» եւ՝ «Տիգրան Հովհաննիսյանի. Մառլեն Մուրադյանի եւ մյուսների»: Բանդիտիզմի հոդվածներ էին առաջադրված, ուստի առաջին գործն անվանվեց պայմանական «Բանդա 1», իսկ երկրորդը՝ «Բանդա 2»: «Բանդա 1»-ի գործով դատավորն էր Մեսրոպ Մակյանը: Սա նշում եմ նրանց համար, ովքեր հաճախակի խառնում են բանդաների գործերն իրար հետ:

«Բանդա 2» անունով հայտնի քրեական գործից մաս էր անջատվել. մի մասով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քննեց «Հայբիզնես» բանկի նկատմամբ կատարված հանցագործությունները, մի մասով՝ այս նույն գործով մեղադրվողների մասնակցությամբ մայրաքաղաքի տարադրամների փոխանակման կետերի վրա հարձակումները եւ աշխատակիցներից մեկի սպանությունը:

Տիգրան Հովհաննիսյանը դատապարտվել էր 6 տարի ժամկետով ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը 2013թ. հունիսի 25-ից էր:

Նրա կնոջ՝ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի կալանքի տակ գտնվելու 2 տարի 9 ամիս 17 օրը դատարանը հաշվի առավ եւ վերջնական պատիժ էր նշանակել 2 տարի 2 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը, ինչը պայմանականորեն չկիրառվեց եւ Էդիտայի նկատմամբ որոշվեց փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Նա նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակվեց:

Նույն գործով Գոհար Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել էր «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշումը եւ նա ազատվել էր պատժից։

Ինչ վերաբերում էր ստորագրությունը չբացակայելու մասին խափանման միջոցին, այն մնացել է անփոփոխ, մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Մնացական Սարգսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ էր նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման, իսկ Մառլեն Մուրադյանի նկատմամբ նույնպես կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի Համաներման մասին որոշումը:

Հիշեցնենք, որ Վահե Ստեփանյանն ազատազրկվեց 4 տարով, եւ նրա չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողնվել էր անփոփոխ՝ մինչեւ սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

«Բանդա 2-ի» գործով բողոքների քննությունը վերաքննիչ քրեական դատարանում նշանակվել է մայիսի 26-ին: Այս գործով տուժող ճանաչված «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը՝ Մառլեն Մուրադյանից, Էդիտա Ալիխանյանից եւ Տիգրան Հովհաննիսյանից համապարտությամբ 4.428 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, Գոհար Գաբրիելյանից, Տիգրան Հովհաննիսյանից եւ Էդիտա Ալիխանյանից համապարտությամբ 6.024 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաեւ Տիգրան Հովհաննիսյանից եւ Էդիտա Ալիխանյանից 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասով դատարանը համարել էր լուծված` Մառլեն Մուրադյանի եւ Գոհար Գաբրիելյանի կողմից ամբողջությամբ, իսկ Էդիտա Ալիխանյանի կողմից մասամբ փոխհատուցվելու պատճառաբանությամբ: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` հայցվորին պարզաբանելով քաղաքացիադատավարական կարգով դատարան դիմելու եւ հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում ստանալու նրա իրավունքը։

Վերաքննիչ քրեական դատարան դիմելով՝ պաշտպանական կողմը՝ ամբաստանյալները պահանջել էին ամբողջությամբ բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մասնավորապես, Մնացական Սարգսյանի ազատազրկում 5 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման վերաբերյալ այս տարվա փետրվարի 23-ի դատավճիռը, հռչակել Մնացական Սարգսյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում եւ նրան արդարացնել: Իսկ առաջադրված մեղադրանքները հիմնավոր գտնելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել եւ նշանակել փորձաշրջան: Կամ՝ կիրառել «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշումը, նրան ազատել պատժից :

Աղմկահարույց այս գործով Տիգրան Հովհաննիսյանը մեղադրվել էր եւ դատապարտվել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու համար: Նա, ըստ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների, որոնք մեր դատական ռեպորտաժներում հրապարակել ենք, նախնական համաձայնության էր եկել կնոջ՝ Էդիտա Ալիխանյանի հետ: Վերջինս նույն բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետն էր, եւ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։ Տիգրան Հովհաննիսյանն Էդիտայի հետ խմբով, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչեւ 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար եւ 83.668.795 ՀՀ դրամ։
Մնացական Սարգսյանը մեղադրվեց օժանդակության համար: Ըստ գործի նյութերի, նա օժանդակել էր 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Էդիտա Ալիխանյանի եւ նրա ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի եւ 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանը: Մեկ այլ դրվագով, Մ. Սարգսյանը 2012 թվականի դեկտեմբերին ապօրինի կերպով ձեռք էր բերել, ապա իրացրել էր զենք ու ռազմամթերք:

Գոհար Գաբրիելյանն իր մտերիմ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել էր 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար եւ 23.923.795 ՀՀ դրամ։

ԱԱԾ նախկին աշխատակից Մառլեն Մուրադյանն էլ, որը մեղադրվում էր օժանդակության համար, ըստ մեղադրանքի կողմի, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչեւ 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, տուժող բանկի աշխատակից Էդիտա Ալիխանյանի եւ Տիգրան Հովհաննիսյանի հետ, դարձյալ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի եւ 5.505.000 ՀՀ դրամի հափշտակություն էր կատարել:
Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավորն է Արմեն Դանիելյանը,. բողոքի քննությանը կմասնակցեն դատավորներ Կարինե Ղազարյանն ու Ռուզաննա Բարսեղյանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031