Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը շարունակվելու է

Մայիս 19,2016 10:15

Ցանկացած դիվանագիտություն արձանագրում է «դե-ֆակտո» գոյություն ունեցող վիճակը: Եթե մենք գրավեինք Թերթերը կամ Եվլախը, աշխարհը հաշվի կնստեր այդ իրողության հետ: Եթե հակառակորդը գրավեր Մատաղիսը կամ Թալիշը, բանակցությունների ելակետը դա կլիներ: Երկրորդ դեպքում հանդիպումը, ենթադրում եմ, կլիներ ոչ թե Վիեննայում, այլ Մոսկվայում, Քերին, Մոգերինին ու մնացածները դրան չէին մասնակցի, եւ խոսք կգնար, ասենք, ինչ-որ «կազանյան բարենորոգված սկզբունքների» մասին, ոչ թե զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մասին: Ադրբեջանն էլ կհայտարարեր իր «ԵՏՄ-ական» ծրագրերի մասին: Եվս մեկ անգամ խոնարհվենք հայ զինվորի առաջ, որն այդ` երկրորդ, մեզ համար անբարենպաստ սցենարը խափանեց:

Ասվածն ամենեւին չի նշանակում, որ զինադադարի խախտումները բացառող մեխանիզմներ ստեղծվելու են. Ադրբեջանին դա ամենեւին ձեռք չի տալիս: Եթե Ալիեւը կարողանում է նայել գերտերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների աչքերին եւ ստել, որ հայերն են սկսել 4-օրյա պատերազմը, ապա ինչ-որ մեխանիզմների հետ բանավոր համաձայնել եւ հետո դրանք չիրագործելը նրա համար մեկից մեկ է: (Շեշտում եմ գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները զուտ այն պատճառով, որ դրանք իրենց արբանյակային հնարավորությունների միջոցով 100 տոկոսով գիտեն, թե ով է սկսել պատերազմը):

Այնպես որ, չուզենալով որեւէ մեկին վախեցնել, այնուամենայնիվ, արձանագրենք. պատերազմը, միեւնույն է, շարունակվելու է: Ադրբեջանը եւ Թուրքիան չեն հրաժարվել մեզ՝ հայերիս, այդ տարածաշրջանից, մեղմ ասած, հեռացնելու ծրագրերից: Ռուսները չեն հրաժարվել Ադրբեջանին «իրենց գիրկն» ընդունելու մտադրությունից: Ռազմաճակատում շարունակում են զոհվել մեր զինվորները: Բայց մինչեւ Ադրբեջանի նոր լայնամասշտաբ հարձակումը մենք ունենք շաբաթներ, գուցե ամիսներ: Ի՞նչ է հնարավոր անել այդ ընթացքում: Նախեւառաջ, իհարկե, զինվել: Չսպասել ռուսական զենքին՝ դա, կարծես թե, անհույս գործ է: Գնել զենք այլ աղբյուրներից: Արդիականացնել հետախուզությունը, տրանսպորտը, կապը՝ բանակում այդ ոլորտների երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից, մեկը նստել է: Ըստ երեւույթին, ոչ պատահաբար: Դիվանագիտության մեջ, որն առաջիկա ամիսներին, հավանաբար, ակտիվ է լինելու, խելք խելքի տալ, խորհրդակցել բոլոր՝ անգամ խիստ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, փորձառու գործիչների հետ:

Հասարակությունն էլ պետք է հաշվի առնի, որ դա մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա «հարաբերական անդորր է», ոչ թե խաղաղ վիճակ: Վստահ եմ, որ այսօր առիթ-անառիթ փնթփնթոցների եւ «աբիժնիկության» ժամանակը չէ: Արատների քննադատությունն, իհարկե, միշտ արդիական է: Բայց անկախ սեռից եւ տարիքից, անկախ սոցիալական վիճակից ու պաշտոնից՝ մենք բոլորս մեզ պետք է զինվոր զգանք՝ ճիշտ այնպես, ինչպես խրամատներում կանգնած զինվորները: Արժանի լինենք նրանց:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պատերազմը կփրկի եւ Երկիրը, եւ կշտկի վիճակը:
    Կովկասյան թաթարները (ադրբեջանական թուրքերը) ծնկի կգան Քուռ-Արաքս սահմանին:
    Երկիրն էլ կմաքրվի աղբից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031