Անկախ նրանից, թե ինչ բովանդակության հարցեր են քննարկվել Վիեննայում և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, դրանք գռոշի արժեք չունեն, քանզի և բանակցող կողմերը՝ նախագահների գլխավորությամբ, և ԱՄՆ-ի պետքարտուղարը, և ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, և գոնե հայ ժողովուրդը բանակցություններից առաջ, և բանակցությունների ժամանակ, պետք է համոզմունք ունենային, որ անկախ բանակցությունների արձանագրած ու թղթին հանձնած արդյունքներից, դա ընդամենը հերթական ներկայացումն է աշխարհի աչքի առջև: Քանզի ինչ արժեք ունի այս կամ ցանկացած այլ բանակցություն՝ այս երկու երկրների միջև, եթե նախապես բոլորն էլ իրենց հոգու խորքում համոզված են, որ այն հաստատ կյանքի չի կոչվելու և մնալու է ընդամենը զուտ որպես կայացած փաստ այն մասին, որ բավականին ընդգրկուն ներկայացուցչական կազմով կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
Մի երկիր, որը մշտապես, ինչու չէ, նաև վերջին՝ ապրիլյան պատերազմից մինչև այսօր, անցած 45 օրերի ընթացքում, հենց տարբեր ազդեցիկ և նույնիսկ հզոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցչական պայմանավորվածությունների պահերին, բարձրաձայնում է կրակի դադարեցման և խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման մասին, և ճիշտ այդ վայրկյաններին, հաստատուն վարվելակերպով՝ դրան նախորդող օրերի նման, շարունակում է նույն վայրագ կրակահերթերն ու գնդակոծությունները, ինչ կարելի է սպասել այդ երկրի ղեկավարից՝ հետագա լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով:
Մի երկիր, որն օրը ցերեկով, աշխարհի աչքի առջև, լայնածավալ և նենգ հարձակում է սկսում Արցախի և Հայաստանի սահմանների վրա ու առանց ամոթի խայծ զգալու, ի պատասխան բազմաթիվ երկրների խաղաղության կոչերին, լկտիաբար հայտարարում է, որ ինքն ընդամենը պաշտպանվողի դերում է և տենչում է խաղաղության համար, բա ի՞նչ անի, թողնի, որ Հայաստանն ու Ղարաբաղը միավորված գան ու գրավե՞ն Ադրբեջանը: Բա ի՞նչ անի խեղճ ու «խաղաղասեր» Ադրբեջանը, որի տարածքի 20 տոկոսն արդեն գրավել են, թողնի, որ մնացած 80 տոկոսն էլ գրավե՞ն:
Բա, միայն այս քայլը բավական չէ հասկանալու համար, որ այս դիվանագիտությունը՝ նույն 1915 թվականի թուրքական դիվանագիտությունն է: Այս անգամ էլ նույն սխալները հումանիստաբար կրկնե՞նք: Չե՞նք հասկանում, որ թուրքի հետ մեկ դիվանագիտություն և մեկ լեզու կա. դա ուժով, կռվով նրան ծնկի բերելն ու շարունակաբար ոչնչացնելն է այնքան ժամանակ, մինչև նա խելքի գա, չոքի և խաղաղություն մուրա: Մինչև նրանք ահավոր կերպով չվախենան մեզնից, չեն հանգստանալու և շարունակելու են ճիշտ նույն կերպ, ինչ անում են վերջին մեկուկես ամսվա ընթացքում: Մի՞թե 1915 թվականից սկսված և շարունակված ութ տարիների կոտորածի ընթացքում չհասկացանք դա:
Կարդացեք նաև
Նրանք ահավոր վախկոտ են և մենք այլընտրանք չունենք, պարտադրված ենք մշտապես շարունակել այդ վախը ներարկել նրանց մեջ և մեկընդմիշտ՝ գոնե չափազանց երկար ժամանակով լուծել այդ հակամարտության թնջուկը: Նմանատիպ վախը կներթափանցի նրանց արյան և գեների մեջ ու շատ երկար ժամանակ դուրս չի գա այնտեղից: Եթե պատահի այնպես, որ մի քանի սերնդափոխությունից հետո անգամ, դարձյալ մոռանան դրա մասին, մենք այլ ճանապարհ չենք ունենա և պետք է նորից հիշեցնենք, քանզի թուրքի տեսակն է այդպիսին:
Եթե մեր հույսը դնենք տարատեսակ բանակցությունների վրա, այդ դեպքում պատերազմը շատ երկար է շարունակվելու, ավելի շատ զոհեր ենք տալու, քան այն դեպքում, եթե աշխարհի հայության բոլոր միջոցներով միավորվենք, ամեն ինչ խորը վերլուծենք և չափազանց հզոր մի պլան մշակենք ու լայնածավալ հարձակումով այնպիսի հուժկու հարվածներ հասցնենք, որ նրանք չկարողանան ուշքի գալ, իսկ արդյունքում փորձենք առաջ գնալ այնքան, որքան կարող ենք: Դա այն միակ ճանապարհն է, որը նրանց կստիպի ծնկի գալ և աղերսել, որպեսզի դադար տանք կոտորածին: Սա, ոչ այլ ինչ է, քան նրանց հետ խոսել իրենց լեզվով:
Սա պարտադրանք է, որն ընտրության ճանապարհ չի թողնում: Սա այն բանաձևն է, որի պարագայում հազիվ թե թուրքն ասի. երնեկ հայի վերջին խելքն իմը լիներ, այլ առաջին անգամ պարտադրված կասի. երնեկ հայի այս պահի խելքն իմը լիներ: Իհարկե, այդ դեպքում աշխարհն էլ մեզ կհորդորի, որպեսզի դադար տանք, սակայն հոգու խորքում մեզ կհարգի և դրանից հետո լուրջ կվերաբերի մեզ:
Հաղթողին չեն դատում: Ամենալավ պաշտպանությունը՝ հարձակումն է: Որպեսզի քեզ հարգեն, պետք է վախենան: Հատկապես վերջինին՝ պարտադրված ենք գնալ, հակառակ պարագայում Հայաստանը դատարկվելու է և աշխարհը լուռ համաձայնություն է տալու թուրքերին, որպեսզի բնակեցնեն մեր սուրբ տարածքները…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ