Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերը եւս սոցիալական պատասխանատվություն են կրում, ուստի չպետք է տրտնջան»

Մայիս 19,2016 16:30

Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը՝
բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու մասին

Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է 18 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին բանակ զորակոչելու եւ տարկետումը վերացնելու թեման:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դրական է համարում այդ նախաձեռնությունը: Մեր զրուցակիցն ասում է, որ կրթության կառավարման եւ կազմակերպման տեսակետից բուհերը որեւէ բանով կաշկանդված չեն, իսկ որ ամենակարեւորն է՝ ուսանողը չի գա բուհ՝ տարկետում ստանալու եւ բանակից ազատվելու ակնկալիքով:

«Կրթական պրոցեսը պետք է տարանջատել այլ նպատակներով բուհ գալուց, պետք չէ խրախուսել դիմորդների բուհ գալը միայն նրա համար, որ տարկետում են ստանալու: Այս դեպքում նաեւ հնարավորություն կլինի, որ կրկնուսույցների մոտ մրցավազք չլինի, դիմորդներն էլ անգիր անելով՝ գան-ընդունվեն ու բանակից ազատվեն: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել, բուհերն էլ պատասխանատվություն ունենան` զորացրված երիտասարդներին աջակցելու առումով: Ժամանակն է, որպեսզի բուհերը մտածեն համապատասխան կրթական ծառայությունների մասին, խոսքը վերաբերում է մասնավորապես նախապատրաստական դասընթացներ առաջարկելուն, որոնք հնարավորություն կտան զորացրվածներին հեշտորեն ընդգրկվել կրթական համակարգ: Պետք է լուրջ մտածել եւ շատ դեպքերում ցուցաբերել անհատական մոտեցում: Այս ամենը պետք է դիտարկվի այն համատեքստում, որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական կամ պատերազմական վիճակում: Բուհերը նույնպես սոցիալական պատասխանատվություն են կրում, ու չպետք է տրտնջալ, որ եթե տարկետումը հանվում է, զորացրվածները էլ չեն կարող սովորել, չեն ինտեգրվի, բանակից վերադարձած ուսանողն ամեն ինչը մոռացած կլինի եւ այլն, եւ այլն; Ընդհակառակը՝ ոչ թե երիտասարդները, այլ բուհերն ունեն հարմարվելու խնդիր»,- կարծում է պարոն Նավոյանը:

Araik_2

Մեր հարցին՝ արդյոք բուհերը դիմորդի խնդիր չե՞ն ունենա, Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը պատասխանեց. «Եթե շրջանավարտը որոշել է ընդունվել բուհ, եւ դա պայմանավորված չէ միայն տարկետմամբ, ուրեմն ի՞նչն է իրեն խանգարում երկու տարի ծառայել, հետո գալ եւ ինտեգրվել բուհին, երբ սովորելու բոլոր պայմանները կան: Այստեղ բուհերի միջեւ պետք է առողջ մրցակցություն լինի՝ թե ո՞ր բուհն ավելի լավ պայմաններով կարող է գրավել դիմորդին»:

Պրոռեկտորը նաեւ հավելում է, որ այլ խնդիր կառաջանա, եթե մարդը բանակ գնա առանց ակադեմիական կիսամյակը ավարտելու ու լավ կլինի, որ պաշտպանության նախարարությունը որոշակիորեն աջակցի բուհերին՝ ակադեմիական ժամանակացույցի առումով: «Ինչ վերաբերում է հետ գալ-ինտեգրվելուն, արդեն նշեցի, որ բուհերը պետք է կարողանան համապատասխան ծրագրերով, նախապատրաստական դասընթացներով ու աջակցությամբ ուսանողներին ներգրավել»,- նշում է Նավոյանը:

Նա վստահ է, որ օրենքը, որով ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում, խանգարում է, ու եթե այն հանվի, ամեն ինչ տեղը կընկնի:

«Ասպիրանտուրայի մասին ընդհանրապես չենք խոսում, որովհետեւ հայտնի փաստ է, որ թեկնածուական պաշտպանածների չնչին տոկոսն է զբաղվում գիտությամբ, դա նույնիսկ քննարկելու ենթակա հարց չէ»,- ասում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը:

Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ տարկետման իրավունքը վերացնելու պարագայում էլ կոռուպցիան կրթության ոլորտից բանակ կտեղափոխվի, մեր զրուցակի
ցը պատասխանեց, որ կոռուպցիոն ռիսկերը բոլոր ոլորտներում էլ առկա են:
Նա առաջարկում է, որ շահագրգիռ բուհերի ներկայացուցիչներից ձեւավորվի մի հանձնաժողով, որը բոլոր այդ հարցերը եւ կրթության զարգացման, եւ երկրի պաշտպանության համատեքստում՝ ԿԳ նախարարության հետ համատեղ կքննարկի:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարկետման տեղեր ունեցած եւ բուհերից հետագայում հեռացված ուսանողներին: Պարոն Նավոյանը իրենց բուհի վերաբերյալ նշեց, որ Ֆրանսիական համալսարանում 2008-2014 թթ. 18 հոգի հեռացվել են ու կորցրել տարկետումը: Եվ սա այն դեպքում, երբ նման ուսանողները, ունենալով տարկետման տեղեր, չեն հեռացվում եւ սովորաբար ընդունվում ու իներցիայով ավարտում են:

Զրույցի վերջում Արայիկ Նավոյանը նշեց, որ գուցե ճիշտ կլինի, որ խնդիրը օրենքով կարգավորվի, առանձնահատուկ ոլորտներ լինեն, որոնց դեպքում տարկետումը կպահպանվի միայն այն դեպքում, երբ կսահմանվի հստակ սահմանված ժամկետով ծառայություն զինված ուժերում:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031