Ականավոր դիրիժոր, դաշնակահար Կոստանտին Օրբելյանը հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է։ Նշենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն անվանակարգում։ Երաժշտական այդ իրադարձությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 55 դիրիժոր աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանցից միայն 14-ն են ստացել մրցույթին մասնակցելու իրավունք։ Եվ մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ հեղինակավոր ժյուրին կորոշի հաղթողին։
Մինչ մրցույթը Կոստանտին Օրբելյանը պատասխանել է մեր հարցերին։
– Մաեստրո, հունիսի 6-ին՝ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Կցանկանայինք իմանալ երաժշտական այս իրադարձության մասին Ձեր կարծիքը։
– Վստահ եմ, որ շատ կարեւոր մրցույթ է բազմաթիվ ճակատներում եւ առաջին հերթին՝ ազգային մակարդակում։ Նախ՝ այն նպաստում է մեր արտակարգ երաժշտական ժառանգության զարգացմանը, հանճարեղ Արամ Խաչատրյանի անվան եւ երաժշտության տարածմանը, երկրորդ` այն մեծ հարթակ է երիտասարդ արտիստների համար, որոնք իրենց տաղանդը ցուցադրելու եւ իրենց կարիերան սկսելու շատ լավ հնարավորություն են ստանում։
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Խաչատրյանի անվան մրցույթից։
– Նախեւառաջ ակնկալում եմ լսել հրաշալի երաժշտություն եւ հուսով եմ՝ բացահայտել մեծ տաղանդների։
– Ձեր կարծիքով՝ մրցութային ծրագրում ներառված ստեղծագործությունները կկարողանա՞ն բացահայտել մասնակից դիրիժորների լավագույն որակները։
– Մրցութային ծրագրում ընտրված բոլոր ստեղծագործությունները գերազանց են։ Իհարկե, դիրիժորները պետք է ցույց տան շատ որակներ՝ եւ՛ երաժշտական, եւ՛ տեխնիկական, եւ՛ էմոցիոնալ։ Սա շատ պատասխանատու է երիտասարդ երաժիշտների համար, որոնցից շատերը, լինելով ուսանողներ, հնարավորություն չունեն հանդես գալ սիմֆոնիկ նվագախմբի հետ տարվա մեջ մեկ-երկու անգամից ավելի։
– Հետաքրքիր է իմանալ՝ դիրիժորության ոլորտում այսօր զարգացման ի՞նչ միտումներ կան։
– Դժվար է մատնանշել մեկ կամ երկու միտում։ Տարբեր տեսակի դիրիժորներ կան։ Մեկը հույզերի վրա կենտրոնացած, ինտրովերտ, խոհուն երաժիշտ է, մյուսը դիրիժորների այն տեսակն է, որի համար ամենակարեւոր առանձնահատկությունը հանդիսատեսի կողմից սիրված լինելն է։ Այս երկու ոլորտներին էլ շատ ու շատ դիրիժորներ են հարում, ուստի չեմ կարծում, թե կա մեկ ընդհանուր ուղղություն։ Որքան դիրիժոր կա, այդքան էլ՝ անհատականություն, եւ նրանցից յուրաքանչյուրն իր հետաքրքիր ասելիքն ունի։
-Մաեստրո, Ձեր կարծիքը Արամ Խաչատրյան կոմպոզիտորի եւ դիրիժորի մասին։
-Շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի ես կարողանամ արտահայտել իմ սերը Արամ Խաչատրյանի նկատմամբ։ Ես առաջին անգամ հանդիպել եմ Արամ Իլյիչին Մոսկվայում հորեղբորս՝ Կոստանտին Օրբելյանի հետ։ Նրանք մեծ ընկերներ էին, եւ Արամ Խաչատրյանը հորեղբորս համարում էր իր ուսանողը։ Մենք Խաչատրյանի հետ շատ հետաքրքիր ընտանեկան պատմություն ունենք։ Հայտնի է, որ նրա երաժշտությանը նվիրված վերջին համերգը, որին նա մասնակցել է, տեղի է ունեցել ԱՄՆ Հավայի նահանգում՝ Հոնոլուլուում։ Երբ Արամ Խաչատրյանը, նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը, ու նրանց ընտանիքի անդամները Հավայիից ժամանեցին Սան Ֆրանցիսկո, հյուրընկալվեցին մեր տանը։ Արամը հորս ասաց, թե մտածում է ինչ-որ բան գրելու մասին, եւ խնդրեց իրեն տալ թուղթ ու գրիչ՝ երաժշտություն գրելու համար։
Նա շատ հիվանդ էր այդ ժամանակ եւ դժբախտաբար, այլեւս ոչինչ չգրեց։ Մենք ջերմ բարեկամներ էինք, եւ ես երկու համերգ եմ ղեկավարել՝ նվիրված նրա 100-ամյակին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Նյու Յորքում՝ Կարնեգի հոլում։ Ներառել եմ Խաչատրյանի երաժշտությունն իմ ղեկավարած շատ համերգներում։ Ես նրա ստեղծագործություններով հատուկ ձայնասկավառակ ունեմ, որը ձայնագրվել է «Դելոս» ստուդիայում։ Այն ընդգրկում է Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, «Սպարտակը», «Գայանեն», ինչպես նաեւ «Ձոն ցնծության» գործը՝ տավիղների, երգչախմբի համար (մենակատար՝ մեցցո-սոպրանո Մարիա Դոմաշենկո)։ Այդ գործը պատմության մեջ առաջին անգամ իմ ղեկավարությամբ ներկայացվել է Կարնեգի հոլում՝ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված համերգին։ Նշեմ, որ Մեծ Բրիտանիայի CHANDOS ձայնագրման ստուդիայում արված իմ ձայնագրությունը, որտեղ ես՝ որպես դաշնակահար, կատարում եմ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։ Այս ձայնասկավառակից հետո արձագանքները շատ մեծ էին, եւ ես ստացել եմ բազմաթիվ հրավերներ՝ ներկայացնելու այդ Կոնցերտը, մասնավորապես, Բոստոնի սիմֆոնիկ, Դեյտրոյթի սիմֆոնիկ, Հելսինկիի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի պետական սիմֆոնիկ (Վալերի Գերգիեւ) եւ 1989թ. Հայաստանի ֆիլհարմոնիկ (Լորիս Ճգնավորյան) նվագախմբերի կողմից։
ՍՈՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.05.2016