Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված պատմության ֆակուլտետի 4 բաժիններում սովորող այն ուսանողներին, որոնք այս պահին գտնվում են ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերում եւ իրենց պարտքն են կատարում` սանձելով թշնամու գործողությունները: Ցերեկույթի կազմակերպիչներն էին «Երիտասարդ սփյուռքագետ» հասարակական կազմակերպության անդամները:
Միջոցառումը կրում էր «Դիրքերում ժպտացող մեր ուսանողները» խորագիրը, նպատակն էր՝ ծանոթացնել ֆակուլտետում սովորող զինվորների հետ: Նկարները դիտելիս ուսանողներից ոմանք նույնիսկ արտասվեցին` կարոտով հիշելով իրենց համակուրսեցիներին:
Կազմակերպության նախագահ Վանիկ Չալոյանը իր խոսքում նշեց, որ նման խորագրի ընտրության պատճառը հանդիսացել է վերջին ժամանակներում հանրության շրջանում տիրող այն մտորումները, թե բանակում զինվորները տխուր են եւ նրանց տրամադրությունը այնքան էլ բարձր չէ` պայմանավորված ինչ-ինչ խնդիրներով: Վանիկ Չալոյանը նշեց նաեւ, որ անձամբ է պարբերաբար խոսում եւ հանդիպում ֆակուլտետում սովորող զինվորների հետ եւ հավաստիացնում է, որ նրանց ոգին միշտ տեղն է, իսկ տրամադրությունը՝ բարձր եւ մարտական: Նա իր ելույթը եզրափակեց շնորհակալական խոսքով, որն ուղղված էր միջոցառման կազմակերպիչ «Երիտասարդ սփյուռքագետի» բոլոր անդամներին: Խոսքով հանդես եկավ նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը կարեւորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը թե՛ ֆակուլտետում, թե՛ ֆակուլտետից դուրս, եւ հավաստիացրեց, որ միշտ պատրաստ է օժանդակել այսպիսի միջոցառումների իրականացմանը:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
18.05.2016
Անժելա Հարությունյան՝ շնորհակալություն նյութի համար: