«Անկախ կենսապատկեր». Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում այս խորագիրն է կրելու Հայաստանի ազգային տաղավարը, որի ցուցադրության հայեցակարգը մայիսի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանում ներկայացրեց տաղավարի համադրող, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը:
Հայաստանի տաղավարը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 26-ին, տեղակայված է Վենետիկի Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթում:
Սարհատ Պետրոսյանի փոխանցմամբ՝ հայկական տաղավարը կներկայացնի Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա:
«Հայկական տաղավարը կկենտրոնանա 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա: Փորձելու ենք յուրովի ամփոփել հետանկախության շրջանի մեր անցած ճանապարհը՝ չկենտրոնանալով միայն ճարտարապետության վրա: «Անկախ կենսապատկեր» խորագրի ներքո փորձելու ենք մտորել, հասկանալ, թե վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի կենսապատկերն ինչ փոխակերպումների է ենթարկվել՝ այդպիսով վերարժևորելով անցած ուղին և միաժամանակ խորհելով ապագայի մասին»,- ասաց Ս. Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Ցուցադրությունը կտևի շուրջ 6 ամիս, սակայն առաջին օրվա տաղավարը էապես կտարբերվի վերջին օրվա տաղավարից՝ կախված այդ ամիսների ընթացքում հետազոտող հինգ խմբերի իրականացրած աշխատանքներից ու դրանց արդյունքներից: Այլ խոսքով ասած՝ տաղավարի բացման օրն այցելող մարդիկ մի բան կտեսնեն, նոյեմբերին այցելողները՝ այլ բան:
Հետազոտությունների թեմա են, օրինակ, հայկական գերեզմանները, «առաջ տրված» տները, Մեծամոր քաղաքը և այլն:
Հավելենք, որ Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին ներկայացված կլինեն տարբեր պետությունների ճարտարապետական խմբեր ներկայացնող 150 տաղավարներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ