Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը պահանջել էր չֆինանսավորել և արգելել «Աղետ» համերգաշարը, բայց այն կայացավ». Վաչե Շարաֆյան

Մայիս 18,2016 22:11

2016 թվականի ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավորությամբ Դրեզդենում և Բրանդենբուրգում անցկացվեց «Աղետ» համերգաշարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին ու ճանաչմանը:

Նույն համերգաշարը մինչ այդ անցկացվել էր 2015 թվականի նոյեմբերին Բեռլինում:

«Այս ծրագիրն սկսվեց երկու տարի առաջ: Նախաձեռնողներն էին գերմանացի կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը, Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդը և այլք: Նրանք կապվեցին ինձ հետ, և սկսվեց մեր համագործակցությունը»,- Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգաշարի հայաստանյան մասնակից, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

Նրա խոսքով՝ առաջին իսկ համերգներից պարզ էր արդեն, որ նախագիծը մեծ հաջողություն կունենա: Համերգներն անցնել են լեփ-լեցուն դահլիճներում, հոտնկայս ծափահարությունների ուղեկցությամբ:

«Վերջին համերգներից առաջ, սակայն, Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմել էր Եվրոպական միության ազգերի հանձնաժողովին՝ պահանջելով չֆինանսավորել և արգելել համերգները: Բայց նվագախմբի ղեկավարության, երաժիշտների գործունեության ու ժողովրդի ակտիվ մասնակցության արդյունքում համերգները մեծ հաջողությամբ կայացան: Նրանք չցանկացան թույլ տալ, որ դրսից որևէ մեկն իրենց երկրում՝ Գերմանիայում, իրենցից նման բաներ պահանջի»,- ասաց Վ. Շարաֆյանը:

Համերգների ընթացքում հնչել են Վաչե Շարաֆյանի “Surgite Gloriae”, գերմանաբնակ թուրք կոմպոզիտոր Զեյնապ Գեդիզլիօղլու «Գրառումներ լռակյացից» և գերմանացի կոմպոզիտոր Հելմուտ Օհրինգի «Դիմում Էրդողանին. դա Ցեղասպանություն էր» ստեղծագործությունները:

Վաչե Շարաֆյանի փոխանցմամբ՝ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբն այս տարվա աշնանը նախատեսում է «Աղետ» համերգաշարն անցկացնել նաև Հայաստանում, Սերբիայում և Թուրքիայում:

Հայաստանյան համերգները կանցնեն Երևանի պետական կամերային նվագախմբի համագործակցությամբ և մասնակցությամբ:

«Այնպես է արվում, որ հնարավորինս շատ երաժիշտներ ընդգրկվեն այս ծրագրում, որը ոչ միայն երաժշտական, այլև քաղաքական ակցիա է՝ պարզապես արվեստի մարդկանց գլխավորությամբ»,- նշեց Վ. Շարաֆյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031