Ասում են` օգնեք կառավարությանը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում: Խնդրեմ: Եթե «վերևներում» դեռ չի երևում, թույլ տվեք հասարակ մահկանացուիս դիտարկմամբ մի փաստ արձանագրել: Ամբողջ աշխարհում հարկային արտոնություններ, ազատ գոտու կարգավիճակ շնորհում են կամ որոշակի տարածքների, կամ տնտեսության որոշակի ճյուղերի` դրանց զարգացման նպատակով: Առաջինի վառ օրինակն իմ կողմից երկու տասնամյակ պայքարից հետո սահմանամերձ համայնքներին ազատ գոտու կարգավիճակի շնորհումն էր երկու տարի առաջ: Իսկ մյուսի օրինակներից մեկը Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությանը վեց տարով արտոնյալ կարգավիճակի շնորհումն էր /ներկայումս դա արդեն չի գործում/:
Իսկ հիմա` ՀԱՐՑ: Ինչպես է մեկնաբանում ՀՀ Կառավարությունը Հայաստանի տնտեսության ճյուղերից` ոսկերչությանը արտոնյալ կարգավիճակի շնորհման տրամաբանությունը, եթե այն տրված է մեկ ընկերության ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՆ: Ընդ որում, այդ ընկերությանը հաջողվել է իր հովանու տակ բերել ընդամենը մեկ-երկու տնտեսվարողի, իսկ մնացած` մեկ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԻՑ ավելի տնտեսվարողների հանդեպ, ըստ էության, ցուցաբերվում է խտրական վերաբերմունք: Ավելի կոնկրետ` ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել ոսկերչության ճյուղում, որը մեր համոզմամբ, Հայաստանի ազգային մրցակցային առավելություններից մեկն է: Իսկ ավելի կոնկրետ` գործ ունենք հենց պետության կողմից մենաշնորհի կարգավիճակի շնորհման բացառիկ և մերժելի երևույթի հետ:
Հիշեցնեմ, դա մերժելի է նաև միջազգային կառույցների կողմից որպես խտրական վերաբերմունքի արտահայտություն: Դե հիմա` խոսքից անցեք գործի, հայրենի կառավարիչներ: Հաշվեք, խնդրեմ, թե որքան վնաս կհասցվի Հայաստանի պետական բյուջեին, եթե արդեն կայացած ոսկերչության բնագավառից միայն հարկեր չվճարելու համար /քանի որ այլ արտոնություն և օգուտ չկա/ բոլորը որոշեն «ազատ գոտի» մտնել:
Թվում է, թե սա արդեն բավարար է` ահազանգ հնչեցնելու համար: Պարզվում է, որ ոչ: Հարցը տնտեսականից վերածվում է քաղաքականի: Ռուսաստանի Դաշնությունում մեծ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ հիշյալ կառույցը զբաղվում է Թուրքիայից դեպի Ռուսաստան ոսկերչական իրերի վերավաճառքով կամ թրաֆիքինգով` հիշյալ երկրի հանդեպ տնտեսական պատժամիջոցների պայմաններում: Բացի այդ, մեծ վնաս է հասցվում հայ ոսկերիչներին, որոնք դժվարությամբ փորձում են արտահանել իրենց արտադրանքը, իսկ թուրքական էժանագին ոսկերչական իրերի հետ մրցակցելն, ինքներդ եք հասկանում, որքան խնդիրներ է առաջացնում: «Թե չէ` հաշվում եք, հաշվում եք, հաշվում…» /Պ.Սևակ/
Կարդացեք նաև
Թաթուլ Մանասերյան