Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Բաղանիս- Ջուջեւան ճանապարհի եզրին բետոնյա, ուղղանկյունաձեւ կառույցներ են սարքվել , որոնց նշանակությունը երթեւեկողները դեռ չգիտեն: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ Եվրամիության հատկացրած 200 հազար եվրո դրամաշնորհով 7 հատ բետոնյա կառույցներ են շինվել Ջուջեւան -Ոսկեվան ավտոճանապարհի եզրին:
Բետոնյա շինություններից յուրաքանչյուրի հատակին ամրացվելու են 80սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ 4 հատ աղբամաններ, որոնց մեջ տեղադրվելու են դույլեր: Ճանապարհով երթեւեկողները դրանց մեջ են թափելու աղբը, այն դույլերից դատարկվելու է աղբատարի մեջ: Դրամաշնորհով հատկացվել է նաեւ աղբատար մեքենա: Դրամաշնորհային նույն ծրագրով Ջուջեւանի կենտրոնում, ավտոճանապարհի եզրին գտնվող հորդ աղբյուրից ջուրը պոմպով մղվելու է գյուղի վերեւում կառուցված ջրամբար, որտեղից մատակարարվելու է Ջուջեւանի առանձնատներին, ուր ջրաչափեր են տեղադրվելու:
Նույն ծրագրով 400 մ երկարությամբ խմելու ջրագծեր են կառուցվել Ջուջեւանին հարեւան Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերում: Ժորա Չիլինգարյանն ասաց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները շուտով կավարտվեն, վերջին օրերին տեղացող անձրեւներն են խանգարում դրան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ