Ազգային ժողովում մայիսի 18-ին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե 1 տարի առաջ ընդունված օրենքը՝ վիրավորված զինծառայողներին արտասահմանում բուժում ստանալու մասին, ինչո՞ւ չի կիրառվում:
Նա նշեց, որ իրեն 3 դեպք է հայտնի, երբ զինծառայողների ծնողները ավելի հեռանկարային են համարում բուժումն արտասահմանում, սակայն քանի որ Հայաստանում էլ է բուժում կատարվում, այդ հարցին լուծում չի տրվում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դեպքեր կան, երբ առողջապահության նախարարությունը, մասնագետները հայտարարում են, որ արտասահման տեղափոխելը որեւէ դրական արդյունք չի տա, սակայն բարեկամները ցանկանում են այդ տարբերակն էլ փորձեն:
«2 դեպք է եղել, ես անձամբ երկուսին օգնել եմ, իրենք խնդիր են ունեցել ֆինանսական: Իհարկե՛, առողջապահությունը, մասնագետները ասել են, որ դա որեւէ դրական արդյունք չի տալու արտասահմանում, բայց որպեսզի նաեւ իրենց ցանկությունը բավարարենք, մենք ընդառաջ ենք գնացել: Յուրաքանչյուր նման հարց իմ ուշադրության կենտրոնում է եղել եւ լինելու է: Եթե կա կոնկրետ դեպք, խնդրում եմ հնչեցրեք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը ասաց, որ կոնկրետ դեպքերի մասին է խոսում՝ Էրեբունի հիվանդանոցում կա ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող: Ծնողներից մեկն էլ ցանկություն է հայտնել դրամահավաք անցկացնել: Վարչապետը պատասխանեց, որ բացի օրենքից իրենք նաեւ բարոյական պատասխանատվություն են կրում այդ մարդկանց նկատմամբ: Նա խոստացավ այդ խնդիրներին լուծում տալ, եթե նույնիսկ օրենքն էլ այդ լուծումը չնախատեսի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ