ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի մեկնաբանմամբ, նախօրեին Վիեննայում կայացած Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը հնչած որոշ հայտարարություններ ակնահաճո էին, որոշները՝ ոչ այնքան:
«Համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչ, որպես նախապայման, դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս կողմից, որի մասին շատ չխոսվեց երեկ, առնվազն հնչեցնել այնպիսի տեսակետներ, որոնք Ադրբեջանին դուր կգան: Եթե մի կողմից փորձեցին ասել, որ իրենք կավելացնեն դիտորդական առաքելությունը և մոնիթորինգի մեխանիզմ ստեղծելու հարց դրեցին, մյուս կողմից` ՌԴ արտգործնախարար Լավրովն ասաց փուլային կերպով հարցը լուծելու մասին, սրանից առաջ էլ հաճախ ամերիկացի համանախագահողն էր ասում, այսպես ասած, համապարփակ համաձայնագիրը պատրաստելու մասին: Այսինքն` առանց սկզբունքների շուրջ համաձայնելու, արդեն սկսվեց պատրաստել այդ համապարփակ պայմանագիրը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, միշտ չէ, որ համանախագահող երկրների արտգործնախարարները մասնակցում են նման բանակցությունների` միասնաբար: Ըստ նրա, մասնակցության նման ձեւաչափը աննախադեպ էր. «Բավականին դժվար պետք է լիներ Հայաստանի համար չմասնակցել այդ հանդիպմանը: Մասնակցելուց հետո հայկական կողմի բարձրացրած հարցերը ճիշտ շեշտադրումներով եղել են, բայց մտահոգիչը շարունակությունն է, նախ` արդյո՞ք կհարգի Ադրբեջանը այդ մասը, բայց եթե նույնիսկ հարգեց, և մենք անցանք բանակցությունների, այդտեղ ևս կան մտահոգիչ հավանականություններ»:
Պարոն Մանոյանի խոսքով, երբ համանախագահողների հայտարարությունն էլ համահունչ էր մեր նախագահի ասածներին, արդեն ցույց տվեց, որ իրականում ինչ ձևով են ընթացել այդ բանակցությունները. «Ադրբեջանի կողմից լռությունը խոսում է այն մասին, որ նրանք այդքան էլ խանդավառ չեն այդ հանդիպմամբ, և համանախագահները փորձում են սիրաշահել Ադրբեջանին ու սեղանի շուրջ պահել` փորձելով նաև ասել բաներ, որոնք Ադրբեջանի ցանկությունն է: Հայկական կողմը փուլային բանակցություններին դեմ չէ, եթե փուլայինի ընթացքում ճանաչվի ԼՂՀ անկախությունը և այլն, բայց այդպես չէ հարցը. այս առաջարկների շուրջ փուլայինը իսկապես պետք է անընդունելի լինի: Իսկ եթե դա մի կողմ դնենք և նայենք, որ սա իրականում փաթեթային լուծում է, և կիրառումը պետք է լիներ փուլային, այդ դեպքում նույնպես անընդունելի կետեր կան: Օրինակ` երբ ասում են ազատագրված տարածքներ, արդեն անընդունելի է, որովհետև ամբողջ Արցախն է ազատագրված»:
Կարդացեք նաև
Վերջում էլ հավելեց, որ չի կարելի անհավասար փոխզիջումներ անել, որովհետև եթե փոխզիջման խնդիր է, պետք է համահավասար լինի: Մանոյանը նշեց նաև, որ, առանց ԼՂՀ մասնակցության, ակնկալել, որ ինչ-որ արդյունք պետք է լինի, ճիշտ չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ