Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Լավ գրականությունը ստեղծվում է բառարվեստի մոգականության եւ սիրո ուղերձի համադրման դեպքում»

Մայիս 18,2016 19:35

Մայիսի 18-ին «Ակումբում» կայացավ գրականագետ Անուշ Սեդրակյանի  «Ակնարկներ արտասահմանյան գրականության պատմության» գրքի շնորհանդեսը, որը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ ռոմանագերմանական գրականության ֆակուլտետի գիտական խորհուրդը, գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:

«Վերածննդից հետո եվրոպական գրականությունը կամա-ակամա առնչվում է եվրոպական ինքնության փուլերի հաջորդման հետ: Եվ բոլոր այդ փուլերը՝ Վաղ Վերածննդից սկսած, երկխոսություն են Աստվածաշնչի գերակա թեմաների եւ սկզբունքների հետ: Ժամանակի հետ երկխոսության բնույթը փոխվում է՝ հիացականից հայեցողականի, հայեցողականից ժխտողականի, սակայն անկախ դրա բնույթից՝ կարեւորը այդ երկխոսության անընդհատությունն ու շարունակականությունն է: Իրականում եվրոպական ինքնությունը մարդու ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման ճանապարհի դասական օրինակն է: Այդ ներքին երկխոսության ավարտի հետ կավարտվի եւ եվրոպական ինքնությունը»,-ասում է Անուշ Սեդրակյանը:

Նրա ձեւակերպմամբ, մարդն էլ համակարգ է, երբ բացվեց՝ կդառնա արարչագործություն: Ինչ վերաբերում է գրականությանը, այն, այո երկխոսություն է, երբեմն յուրատեսակ մենախոսություն, որը հաստատում է այն, ինչ անվանում են եվրոպական ինքնություն, իսկ բառարվեստի մոգականության եւ սիրո ուղերձի համադրման դեպքում, Անուշ Սեդրակյանի համոզմամբ, ստեղծվում է լավ գրականությունը:

«Եվրոպական կրոնական ավանդույթի կողմից հաստատված, վերամշակված արժեքային համակարգի շուրջ ծավալվող վիճաբանություններն իրենց տեղը զիջեցին «արժեքների բազմակայության եւ համահարթեցման» սկզբունքին, քրիստոնեական գրական ավանդույթի աշխարհիկ մատուցումը 21-րդ դարում տեղը զիջեց տեքստի, սիմվոլի եւ ավանդական կոնտեքստուալ կապերի խզմանն ու ապակառուցմանը:

Արդյունքում եվրոպական մշակույթի միջոցով արտահայտվող եվրոպական ինքնությունն անցավ փոխակերպումների շղթայով: Այդ աստիճանական փոփոխությունների տրամաբանությունն ու զարգացումն էլ փորձել ենք ներկայացնել սույն ձեռնարկում»,-գրքի առաջաբանում գրում է հեղինակը:

2 4 6 (1) 7

Արձագանքելով գրքի վերաբերյալ դրական արձագանքներին՝ գրականագետն ասաց, որ որեւէ մեկի վրա տպավորություն գործելու մտադրություն չի ունեցել:  Ժպտալով հայտարարեց, որ իր ուսերի վրա է վերցրել երեք ոլորտ՝ քաղաքականություն, թարգմանչություն եւ գիտություն, եւ պահպանելու իր «դիրքերը» նշյալ երեք ոլորտներում:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ավանդապատումներից մեկից բերված տպավորիչ օրինակով խոսեց գրականության մարգարիտների մասին,  նաեւ հավելեց, որ Անուշ Սեդրակյանն իր ակնարկների ժողովածուով ստեղծել է գրականության գնահատման միջոցը. «Այս գիրքը համաշխարհային գրականության լակմուսի թղթի հավակնություն ունեցող գիրք է»:

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ արժեքավոր խոսքը միշտ էլ պետք է նյութականացվի՝ գրքի եւ թղթի տեսքով, իսկ նման հնարավորություն  տվյալ պարագայում ընձեռել է «Անտարես» հրատարակչությունը:

Այլ ելույթներ էլ եղան, այդ թվում բանասիրական գիտությունների դոկտորներ Կարլեն Մատինյանի, Տիգրան Սիմյանի: Վերջինս ցանկացավ, որ  «Ակնարկներ արտասահմանյան գրականության պատմության» գիրքը  գիտական բեստսելեր դառնա:

Vahagn AtabekyanՇնորհանդեսին ներկա էր բանաստեղծ եւ Ֆրանսիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Վահագն Աթաբեկյանը: Նա  նախ կատակեց, թե Անուշ Սեդրակյանի համակուրսեցին է եղել, ապա իր բանաստեղծության տողը մեջբերելով ասաց, եթե մի քիչ էլ ուշացնեն իր խոսքը, ինքը կդառնա «բնության գրկից անհետացող տեսակ»:

Ի պատասխան Անուշ Սեդրակյանը ասաց , որ նա հիանալի բանաստեղծ է ու արտասանեց Աթաբեկյանի ստեղծագործությունից մի փոքրիկ պատառիկ. «Միայն՝ այսքան վերջին կոչերի տակ – ի զե՛ն,/ Արալեզներ, մի՛ խմբվեք ի առջեւ,/ Եվ ինձ դեռ մի՛ լիզեք, դուք ինձ դեռ մի՜ լիզեք,/ Իբրեւ դիակ ես դեռ կատարյալ չեմ»։ Վահագն Աթաբեկյանը  հորդորեց Անուշ Սեդրակյանին «չալարել» եւ շարունակել, շարունակել ակնարկները:

Margarit YesayanԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հիշեց, որ Անուշ Սեդրակյանին ճանաչում է երեխա ժամանակվանից, քանի որ նրա մայրը՝ Նելլի Հակոբյանը բանահյուսություն է դասավանդել իրենց կուրսին:

«Անուշ Սեդրակյանը ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ մշակութայինում սպասված է, իր ներկայությունը շատ կարեւոր է, իր տեսակն է կարեւոր, ինչ էլ, որ փոխվի, այս տեսակն է Հայաստանի վաղվա ապագան՝ գրագետ, մտավորական, մտածող մարդու տեսակը»,- ասաց պատգամավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031