Ազգային ժողովում մայիսի 18-ին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանից, թե ինչն է պակասում կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ, կոնկրետ գործողություններ կատարելու համար:
Արամ Մանուկյանի պատկերացմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է ցանկություն, իշխանական լծակ, լավ օրենք եւ տեղեկատվություն: Նրա կարծիքով՝ կառավարությունն այդ ամենն ունի, իրեն հետաքրքրիր է, թե կառավարությանը լրացուցիչ ի՞նչ է պետք:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ առաջարկում է միասին աշխատել. «Բոլորս պետք է հասկանանք, որ դա 1 օրում, 1 ամսում, 1 տարում չի լուծվում: Քայլեր նախաձեռնենք եւ այդ քայլերով գնանք առաջ: Հիմա առանց մեր ժողովրդի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության մենք այդ խնդրին չենք կարող տալ լուծում: Կա՞ որեւէ դեպք, երբ մի քաղաքացի դիմել է, ասել է ինձնից փող են ուզել, իշխանությունները չեն գնացել մինչեւ վերջ եւ իրավապահների կողմից չի եղել համապատասխան, համարժեք մոտեցում: Ես որեւէ դեպք չեմ հիշում»:
Արամ Մանուկյանը արձագանքեց, որ ինքն իր գործընկերների հետ գրավոր հայտարարություն է տվել դատախազություն, արձագանք չկա: Պաշտոնյաների ցուցակ են ներկայացրել, որի առնչությամբ պատասխան չի եղել: Նա հավելեց, որ հանրաքվեի հետ կապված 80 քրեական գործ է հարուցվել, բայց դրանցից ոչ մեկի վճիռը կալանք կամ ձերբակալություն չի եղել. «Եթե արդեն եղած գործերը ուղարկում ենք ձեզ եւ դատախազություն եւ արդյունքում ոչինչ չի ստացվում, ես գամ ձեր նիստին մասնակցեմ, որ ի՞նչ անեմ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ