Լրահոս
Օրվա լրահոսը

«Աֆիցերը լարված ա հետս. Բենզինի բակը փակել եմ, որ չտանի». մահացած զինծառայող Հովհաննես Պետրոսյանն է հորն ասել (Տեսանյութ)

Մայիս 18,2016 18:35

Իջեւանի զորամասում ապրիլի 25-ին հրազենային մահացու վիրավորումից մահացած շարքային Հովհաննես Պետրոսյանի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը մի գրամ չի կասկածում, որ իր տղային սպանել են, եւ դա ինքնասպանություն չի եղել:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):

Հովհաննես Պետրոսյան_2 Հովհաննես Պետրոսյան_3 Հովհաննես Պետրոսյան_4 Հովհաննես Պետրոսյան_5

Վաչիկ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ իր տղան որեւէ առիթ չի ունեցել ինքնասպանություն գործելու համար:

Վաչիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ ինքը շատ հաճախ է որդու հետ հեռախոսով զրուցել. Հովհաննեսը հորն ասել է՝ «Պապա աֆիցերը լարված է հետս, պապ, ընգել ա ոտիս հետեւից, ավտոյի կալոնկեն՝ բենզինի բակը փակել եմ, որ բենզին չտանի»:

Թե ումից էր որդին պաշտպանում զորամասի ավտոմեքենայի վառելիքը, Վաչիկ Պետրոսյանը հրաժարվեց անուն տալ, միայն նշեց.«Ես շատ բան գիտեմ, ու մի հոգի չի, որ մեղավոր է, շատ են, ու զինվորներ չեն, հրամատարական կազմից են: Եղել է, որ հրամանատարական կազմից անօրինական պահանջ են դրել, տղաս ընդդիմացել է, հրաժարվել է կատարել»:

Հովհաննես Պետրոսյանը, հոր պատմելով՝ շատ կարգապահ զինվոր է եղել, եւ զորամասում չի հանդուրժել որեւէ անօրինականություն կամ անարդարություն. Հովհաննեսը զորամասում ըմբոստանում էր ամեն անօրինականության  դեմ եւ անգամ հրամանատարին հորդորում էր սպայի պատիվն ու կեցվածքը պահել. «Տղաս այդ ամենը ինձ պատմել է, հիմա չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, տեսնենք՝ քննությունն ոնց  է ընթանում, հետո կխոսեմ»:

Հովհաննեսը 3 ամսվա զինծառայող էր, ու արդեն 15 օր էր դիրքեր էին տարել նրան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց դիրքերում՝ նրա հերթապահության ժամանակ:

Վաչիկ Պետրոսյանի պատմելով՝ հայրը որդու հետ խոսել է, երբ նա դիրքերում էր .«Ասեց՝ պապ, էտի եկավ ֆռֆռաց, մանթրաշ գնաց: Ինքը պոստում իրեն ամրակցված զենք- զինամթերքով, ֆագոտի սնարյադներով մեքենան էր հսկում: Տեսել է իրեն ամրակցված այդ մեքենայից գողություն են արել, էրեխես  կողպեքը բերել, գցել է բակի վրա, փակել է, որ ձեռք չտան: Սաղ պատմել է ինձ: Կիրակի օրը պիտի մոտը գնայի, չհասցրեցի, կիրակին  շուտ եկավ»:

Շարքային Հովհաննես Պետրոսյանի դին հայտնաբերել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում. Հայրն ասում է, որ որդին իրավունք չուներ գտնվել մեքենայի այդ հատվածում, քանի որ նրա գործառույթը որպես զինվոր՝ մեքենան հսկելն է.«Այսինքն` ինքը պիտի մեքենայի կողքերով գնար-գար, ու էդ մեքենայի թափքը, որտեղ զենք-զինամթերքն էր, պիտի պլոմբած լիներ: Իմ տղան լավ ծառայող էր, մի ամսվա ծառայող էր, արդեն շնորհակալագիր էին տվել: Ինքը երբեք ծառայության ընթացքում խախտում չի արել ու չէր էլ անի, որովհետեւ ինքը պատրաստի զինվոր էր, մանկուց զինվորականի պես կարգապահ էր, սպորտսմեն էր, լավ կրակել գիտեր, ինձ հետ որսի էր գալիս: Այնպես, որ չեն էլ կարող ասել, որ զենքի հետ անփույթ է վարվել: Մենք էլ Արցախյան պատերազմի մասնակից ենք»:

Վաչիկ Պետրոսյանի համար անհասկանալի է, որ որդին հայտնվել է մեքենայի կունգի թափքում:

«2 ավտոմատի վնասվածք է եղել՝ մի հատ քթի, մի հատ էլ ճակատի մասում: Հայտնաբերել են մեքենայի հետեւի մասում, դուռը՝ բաց, ինքը նստած զենքի «յաշիկների» վրա:  Խի՞, ախր ինքն իրավունք չուներ մտներ էդտեղ, ոչ ոք չկար, որ հսկեր ինքն իրավունք ունե՞ր, թե՝ ոչ: Պոստում մենակ է եղել, հայտնաբերել են ժամը 20.15-ին,  թե դեպքը կոնկրետ որ ժամին է եղել, չեն ասել: Տղես պիտի ժամը 5-ից մինչեւ 7-ը  պոստում հերթապահության լիներ, այսինքն, իր հերթապահության ժամը լրացել էր, ու հերթափոխ չէր եղել: Մի բան էլ ասեմ՝ էդ մեքենանները, որ ամրակցված է եղել Հովոյին, զենք-զինամթերքով, ինչո՞ւ պլոմբած չի եղել, մի սնարյադը 40 հազար դոլար է, անփորձ էրեխեն էր պահում դա: Չեմ հասկանում՝ երկու ավտո՝ զենք-զինամթերքով ու մի անփորձ զինվորի հսկողության տակ: Ինքը «ուչեբկա» էլ չէր անցել, հանել էին պոստեր»,-հարցադրումներ է անում Հովհաննեսի հայրը:

Մանրամասն՝  տեսանյութում 

Նա մեզ հետ զրույցում անընդհատ վստահ ասում էր՝ սա ինքնասպանություն չէ, եւ որեւէ մեկը չէր կարող անգամ ամենաստոր քայլով դրդել նրան ինքնասպանության.«Իմ տղան շատ համարձակ, ազնիվ տղա էր, նա վախկոտ չէր, ինքն իրեն կարող էր պաշտպանել, ոչ թե ինքնասպան լիներ: Եթե դա ինքնասպանություն լիներ, ինքը մի կողմ կթռներ, զենքը՝ մի կողմ, ոչ թե զենքն իրեն կպած, դոշին կլիներ: Նույնիսկ հնարավոր է բացահայտվի, որ այդ զենքով չի եղել կրակոցը»:

Վաչիկ Պետրոսյանն ասում է, որ որդին զորամասում թույլ չէր տալիս, որպեսզի որեւէ մեկն իշխի խեղճացած զինվորների վրա, կամ նրանց հետ կոպիտ վարվի. «Ինքը զինվորների հետ շատ լավ հարաբերություններ ուներ, սիրում էին իրան, որովհետեւ պաշտպանում էր մի քիչ թույլ զինվորներին: Զորամասում զինվորներն անգամ կատակով իրար վրա զենք չէին պահում, «պրեդախրանիտելը» մեկը բաց թողեր, խոսակցություն կլիներ»:

Հովհաննեսը, ինչպես ծնողներն են ասում, ապագայի մեծ ծրագրեր ուներ, ուզում էր ուսումը շարունակել, բայց դեռ չէր կողմնորոշվել՝ խոհարարական հմտություններն էր ավելի խորացնելու, թե՝ ռեժիսոր կդառնար: Հարեւանուհին մեզ հետ զրույցում ասում է՝ «Հովոյի ծնողները վշտով ասում են՝ գոնե թշնամու գնդակից մահանար, ոչ թե՝ ներսի թշնամու, գոնե մի քիչ մխիթարանք կլիներ»:

Թեմայի շուրջ այլ մանրամասներ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թեպետ գիտեմ,որ արդարություն չկա մեր երկրում,բայց այնքանով եմ վստահ,որ Աստված ա պատժելու

  2. vahan says:

    ետ գործը հարուցողի ձեռքը ատռճանակ տաս ասեսթող ցույց տա վոնց կարա մարդը 2 անգամ իր գլխին կրակի թող իրա վրա ցույց տա մեկա իրա գլխին ինչքան էլ կրակես բան չի լինի վորտեվ դատարկությանը գյուլեն բան չի անի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031