Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հռոմի պապի խոսքի հիման վրա թեւակոխի այլ փուլ. (Տեսանյութ)

Մայիս 18,2016 18:06

Այսօր Aravot.am-ը հայ կաթողիկեների ժողովրդապետ տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանից ու տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանից հետաքրքրվեց, թե Հռոմի պապի այցը կնպաստի՞ խաղաղության հաստատմանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: «Սրբազան Քահանայապետը իր ուղերձների մեշ մշտապես նշում է մի քանի կարեւորագույն կետեր, որոնցից մեկը նաեւ խաղաղությունն է: Եվ ես կարծում եմ, որ իր նա իր ներկայությամբ փաստելու է, որ խաղաղություն պետք լինի այստեղ: Աշխարհի ղեկավարները, տեսնելով Հռոմի պապի այցելությունը Հայաստան, մանավանդ որ պատերազմական իրավիճակի մեջ ենք, պիտի մտածեն այդ մասին», -ասաց տեր Գրիգորը:

Տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանն էլ հավելեց. «Գիտեք, որ ժամանակացույցով նախատեսված է աղոթք խաղաղության համար Երեւանի հրապարակում, եւ նաեւ մի քանի առիթներ պետք է ունենա Սրբազան Քահանայապետը իր պատգամը, իր ուղերձը ուղղելու հայ ժողովրդին, նաեւ մեր պատարագի ընթացքում: Եվ գիտեք, որ այդ պատգամները մշտապես շատ մեծ ազդեցություն են ունենում ամբողջ համաշխարհային հանրության վրա, եթե փորձենք զուգահեռներ անցկացնել. նույն 2015 թվականին ապրիլի 12-ի պատարագը, որն ուղղված էր հայ ժողովրդին եւ որտեղ պապը խոսեց ոչ միայն ցեղասպանության դատապարտման, այլ նաեւ խաղաղության հաստատման ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին: Նրա խոսքն այնքան արագ, այնքան մեծ արձագանք ունեցավ ամբողջ միջազգային մամուլում եւ ընդհանրապես միջազգային ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական կառույցներում, որ ընդամենը երեք օր անց՝ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ընդունեց մի նոր բանաձեւ ցեղասպանության դատապարտման մասին, որի կարեւորագույն հիմքը Սրբազան Քահանայապետի ուղերձն էր՝ ուղղված հայ ժողովրդին: Ճիշտ է՝ պապը քաղաքական գործիչ չէ, այցը երբեք չի ունեցել եւ չի ունենա քաղաքական նպատակ, բայց որպես պտուղ այդ այցելության՝ կարող է լինել նաեւ այդ հարթության մեջ:

160

Եվ որպես խաղաղության հզորագույն մունետիկ՝ աշխարհի խղճի ձայն, հզոր ձայներից մեկը, որը միշտ արձագանք է ունեցել աշխարհում, պապի այցը այս առումով չենք բացառում, որ ունենա շատ հեռու գնացող դրական արդյունքներ, պտուղներ: Եվ նաեւ պիտի հաշվի առնենք, որ Հայաստան այցից մի քանի ամիս հետո, սեպտեմբերին պապը պիտի այցելի նաեւ Ադրբեջան, հնարավոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը պապի խոսքի հիման վրա թեւակոխեն այլ փուլ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031