Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. Որեւէ մեկին չի սահմանափակվում ներկրել դիզվառելիք (Տեսանյութ)

Մայիս 18,2016 18:15

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մայիսի 18-ին իր հարցերն ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Առաջին հարցը վերաբերվում էր այն հանգամանքին, որ Բագրատաշենի անցակետից դիզվառելիքով բեռնված մեքենաներին հետ են ուղարկում: «Ա1+»-ի հրապարակումներից պատգամավորը տեղեկացել է, որ վարչապետի զանգով այդ հարցը լուծվել է: Ըստ պատգամավորի, դա նշանակում է, որ գործում է կոռուպցիոն միջավայրը, որը խոչընդոտում է Հայաստան ազատ դիզվառելիքի ներկրմանը: Նա համարում է, որ պետք է ուսումնասիրել դա եւ հասկանալ, թե ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Լեւոն Զուրաբյանը խնդրեց ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են իրականացվել հարցը լուծելու համար:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ երեկ է ստացել նամակ եւ հանձնարարական է տվել, խնդիրն ուսումնասիրում են եւ առաջիկա օրերի ընթացքում կզեկուցեն, ինքն էլ որոշում կկայացնի: Ըստ նախնական տվյալների, որոշ նորմատիվների խախտում է գրանցվել: Նա հավելեց, որ չկա մենաշնորհ:

Լեւոն Զուրաբյանի հաջորդ հարցը վերաբերվում էր քաղաքական ուժերին ուղղված վարչապետի հրավերին՝ քննարկելու հակակոռուպցիոն միջոցառումները: ՀԱԿ-ը չէր ներկայացել այդ քննարկմանը, սակայն առաջարկություններ էր ներկայացրել, որոնցից մեկը հակամենաշնորհային քաղաքականությանն է վերաբերվում: Իշխանական կոալիցիան մերժել էր այդ առաջարկը, պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր չէ վերանայել որոշումը եւ դնել այդ փաթեթը նորից քվեարկությամբ:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այսօր խորհրդակցություն են անցկացրել. «Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ որեւէ մեկին չի սահմանափակվում, որեւէ ընկերության, որը ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրումով: Կարող են ներկրել եւ իրենք զբաղվեն այդ բիզնեսով: Եվ Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունվել է տեխնիկական կանոնակարգ, ուղղակի մեր պայմանը դա է, որ բոլոր չափորոշիչները պետք է համապատասխանեն այդ տեխնիկական կանոնակարգին: Դա միակ պայմանն է, այլ որեւէ պայման չի կարող գոյություն ունենալ: Եվ այդ հանձնարարականը արդեն ստացել են պատկան մարմինները, եւ ես հետեւելու եմ այդ գործընթացներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031