«Հեռանկար» կենտրոնում մայիսի 18-ին «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմին եւ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` դեռեւս 2013թ. Ադրբեջանը պատրաստվել էր պատերազմի, ինչը, քաղաքագետի բնորոշմամբ, համապատասխան արձագանքի չէր արժանացել ՀՀ-ի կողմից. «2011թ.-ից սկսած` երկու տարում Ադրբեջանը շեշտակի ուժեղացրեց իր ռազմական ներուժը, մերձեցավ Ռուսաստանի հետ եւ ամբողջությամբ վերազինեց սեփական բանակը: Այդ երկու տարում հայկական կողմը հանգիստ եղավ եւ փորձեց հավասարակշռել արտաքին քաղաքականությունը: 2013թ. տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է պատժել ՀՀ-ին` եվրաասոցացման գործընթացի համար, եւ հենց 2013թ.-ին Ադրբեջանի միջոցով Հայաստանին պատժելու վտանգ կար: Մեզ համար պարզ էր, որ շանտաժ է եղել, որի արդյունքում ՀՀ-ն հայտնվեց Մաքսային միության մեջ եւ կորցրեց ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների աստիճանը, եւ ՌԴ-ն մեզ համար դարձավ երկրորդական գործընկեր»:
Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` Ռուսաստանից երկու միլիարդի սպառազինության ձեռքբերումն Ադրբեջանին հասցրեց լկտիության մակարդակի, եւ 2014թ. ամռանից այդ երկիրը ՀՀ-ի դեմ սկսեց ոչ պաշտոնական պատերազմ վարել. «ՊՆ-ն սա հասկանում էր: Այդ հիբրիդային պատերազմի ամենավատ դրսեւորումն էլ եղավ ապրիլյան պատերազմը, որն ամբողջությամբ բացահայտեց մեր թերությունները: Պարզ դարձավ, որ 2-3 տարում Ադրբեջանը պատրաստվել էր պատերազմի, իսկ Հայաստանը չէր պատրաստվել, այդ պատճառով էլ հայտնվեց նման իրավիճակում»:
Ըստ քաղաքագետի` Վիեննայում Ադրբեջանին չհաջողվեց բեկում մտցնել բանակցային գործընթացում, սակայն հակառակորդը դիմելու է հետեւյալ շանտաժին. եթե հունիսին միջնորդները չներկայացնեն Կազանի «փուլային տարբերակը», ապա կրկին կդիմի ռազմական գործողությունների:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ