Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքի ազատագրման և կյանքի ճանապարհի բացման 24-ամյակի առթիվ Բերձորում կայացավ տոնական միջոցառում

Մայիս 18,2016 16:53

24 տարի առաջ այս օրը՝ մայիսի 18-ին, իրականացավ մեր ժողովրդի իղձերից մեկը՝ Արցախ-Մայր Հայաստան ՄԻԱՑՈՒՄԸ:

Շուշիի ազատագրումից 10 օր անց, հայոց հաղթական ջոկատները մտան Բերդաձոր՝ ազատագրելով մեկ տարի թշնամու գերության մեջ ընկած հայրենի երկրամասը, ապա Լաչին քաղաքը: Մեր ժողովրդի 2 հատվածների համար անջրպետ դարձած այս քաղաքն ու մոտակա թրքաքրդաբնակ բնակավայրերը դարձել էին չարի կենտրոն հայության համար:
Վերջապես վերացվեց այդ չարիքը, և բացվեց կյանքի ճանապարհը: Վերաբնակեցվելով իր իսկական տերերով՝ Լաչինը դարձավ Բերձոր՝ վերստին արժանանալով իր պատմական անվանմանը, դարձավ Քաշաթաղի շրջկենտրոնը:

Քաղաքի ազատագրման և կյանքի ճանապարհի բացման 24-ամյակի առթիվ Բերձորում՝ Արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիրում, կայացավ տոնական միջոցառում:

Այստեղ էին շրջվարչակազմի և Բերձոր քաղաքում գործող տարբեր կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ՝ նաև հարևան բնակավայրերից, բնակիչներ, հյուրեր:
Ծաղիկների խոնարհումից հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի ե երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը հայտարարեց տոնի հանդիսավոր մասի բացումը: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե:

Ներկաներին ողջունեցին Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի սաները: Նշելով, որ իրենք են այս երկրի տերը՝ հպարտությամբ ասացին, որ այս պահին շատ քաշաթաղցիներ, այդ թվում՝ բերձորցիներ, նաև իրենց հայրերը գտնվում են առաջնագծում և մեր անդորրն են պաշտպանում:

Իր շնորհավորական խոսքում շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը կարևորեց Բերձոր-Լաչինի ազատագրումը՝ նշելով.
-1988 թվականին Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում հայ ժողովրդի պահանջած Միացումը կայացավ 1992թ. մայիսի 18-ին՝ Լաչին-Բերձորի ազատագրումով:

-Սա պատմական մեծ իրադարձությունն էր՝ ազգային իղձերից մեկի իրականացում,-հավելեց Դ. Դավթյանը՝ մաղթելով երկրին հզորացում, սահմաններին՝ խաղաղություն:
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը խոսքն սկսեց այսպես.

-Հայոց լեզու, պետականություն, հավատ և հատկապես բանակ: Սրանք այն կարևոր հենասյուներն են, որ ընկած են հայ ժողովրդի ինքնագիտակցության հիմքում:
Խոսելով Արցախյան գոյամարտի առաջին տարիների, մեր քաջորդիների կատարածի մասին՝ Վ. Մովսիսյանն անդրադարձավ նաև այս օրերին թշնամու կողմից իրականացրած աննախադեպ ոտնձգություններին: Կարևորեց այն, որ հազարից ավելի քաշաթաղցիներ կամավոր սահման մեկնեցին, դարձան թիկունք դիրքապահ մեր զինվորներին, և շատերը դեռ այնտեղ են:

Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, շնորհավորելով քաղաքի ազատագրման առթիվ, ասաց.

-Մայիսը հայոց տարեգրության մեջ եղել է հաղթանակների ամիս: Արցախում այն Եռատոն է, իսկ Քաշաթաղում՝ քառատոն: Այսօր Բերձորը 24 տարեկան է, ինչի համար պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր սերունդների սրտերում:

Ա. Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց նաև բերձորցի կամավորականներին, ովքեր այս օրերին սահմանում են:

Ելույթներից հետո տոնական միջոցառման հանդիսավոր մասը հայտարարվեց փակված: Նույն օրը Բերձորի երկրագիտական թանգարանում քաղաքի ազատագրման և թանգարանային օրերի առթիվ բացվեց Արցախյան շարժմանը և Քաշաթաղի վերաբնակեցման ընթացքին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Թանգարանի տնօրեն Վարսիկ Ղուլյանը ներկայացրեց քաղաքի և մշակութային այդ օջախի համառոտ պատմությունը, կյանքի ճանապարհի բացման պատմականությունն ու կարևորությունը: Խոսելով ցուցադրված լուսանկարների պատմական և գեղագիտական արժեքների մասին՝ տեղեկացրեց, որ հեղինակներն են հրապարակախոս Բակուր Կարապետյանը և ազատամարտի մասնակից, լրագրող, Քաշաթաղի «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը:

Այցելուները եղան նաև հնագիտական ցուցանմուշների սրահում, որտեղ Քաշաթաղի շրջանում հատկապես վերաբնակեցման տարիներին կատարված ուսումնասիրությունների ու պեղումների արդյունքում հայտնաբերված շատ արժեքներ են ներկայացված:

DSCN4248 DSCN4230 DSCN4229 DSCN4192 DSCN4183 DSCN4177 DSCN4166 DSCN4152 DSCN4143 DSCN4135 DSCN4116 DSCN4106 DSCN4103

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031