Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն այս փուլում չի մտնի կորցրած տարածքների շուրջ բանավեճերի մեջ». Վլադիմիր Կարապետյան (Տեսանյութ)

Մայիս 18,2016 16:44

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորուստների շուրջ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը բանավեճերի մեջ չի ցանկանում մտնել եւ անհրաժեշտ չի համարում մեկնաբանել, թե Ժիրայր Սեֆիլյանը  կամ փորձագետներն ինչ տվյալներ ունեն տարածքային կորուստների մասին:

Փոխարենը, հիշեցնում է համապատասխան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հայկական բանակն ունակ է պաշտպանություն իրականացնելու:

«ՀԱԿ-ն այս փուլում չի մտնի կորցրած տարածքների շուրջ բանավեճերի մեջ, որովհետեւ նպատակահարմար չենք համարում»,-մայիսի 18-ին «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` 800 հեկտար տարածք կորցնելու մասին  հայտարարությանը, այնուամենայնիվ, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ վերջին 20 տարում առաջին անգամ ի հայտ է եկել պաշտոնյաների կողմից պատասխանատու հայտարարություններ անելու խնդիր. «Բազմիցս ՊՆ պատասխանատուներն ասել են, որ ցանկացած հարձակում կարող ենք հետ մղել, եւ եթե մեր տարածք ներթափանցելու փորձ արվի, ապա մենք կընդլայնենք մեր անվտանգության գոտին: Ի՞նչ ասեմ… թող այն մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում էին, պատասխանեն այդ հարցին: Թող պատասխանեն եւ բացատրեն, թե ինչպես տեղի ունեցավ դա»:

Կարապետյանն ասաց, որ համաձայն է ՊՆ-ի այն պնդման հետ, որ եթե Ադրբեջանը մեկ օր էլ զգա իր առավելությունը, հարձակում կգործի. «Ի՞նչ ասեմ, ուրեմն զգաց, որ հարձակում գործեց»:

Խոսելով բանակցային գործընթացից` Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ Մադրիդյան սկզբունքների դրական դրույթը ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է. «Մադրիդյան փաստաթուղթը փոխկապակցված է այլ պայմանավորվածությունների հետ: Չէի ուզենա խորանալ այս հարցի մեջ, որովհետեւ 2011թ.-ից փաստաթղթի ձեւափոխված տարբերակն է եղել սեղանին: Կազանում էլ բանակցային գործընթացը վիժեցրեց Ադրբեջանը` իր տասը նոր առաջարկներով: Եթե դրանցից մեկն էլ մտնի փաստաթուղթ, կտրուկ կփոխվի դրա բովանդակությունը: Խնդիրն այն է, որ ձեւակերպումների եւ բառերի շուրջ չկա համաձայնություն: Մի քանի նախադասությունների վերաբերյալ վեճ է գնում, հավաստիացնում եմ: Չեմ բացառում, որ առաջիկայում տարաձայնություններ պարունակող դրույթների շուրջ ձեռք բերվեն համապատասխան մոտեցումներ»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի հնարավոր ճանաչմանը, բանախոսը հիշեցրեց, որ 1998թ.-ից Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից. «Իհարկե, վստահ եմ, որ որոշները կասեն, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, ես էլ եմ ուզում նման բան, բայց այսօր դա հնարավոր չէ: Եթե հնարավոր լիներ, ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները կնախընտրեին Արցախի մասնակցությամբ նստել բանակցային սեղանի շուրջը: Միեւնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները պետք է ամեն բան անեն, որ մեծացնեն Արցախի դերը Մադրիդյան փաստաթղթի կատարման գործում: Իսկ Արցախի ճանաչումը կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին, այն չի ավելացնի մեր զինվորների անվտանգությունը եւ չի ամրապնդի ՀՀ դիվանագիտական կարողությունները»:

Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր նաեւ Վիեննայի հանդիպումը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031