Լրահոս
Օրվա լրահոսը

3000-ից ավելի ուխտավորներ պատրաստվում են գալ Գյումրի. մանրամասներ՝ Հռոմի պապի այցից (Տեսանյութ)

Մայիս 18,2016 16:29

Ինչպես հայտնի է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 25-ին պատարագ կմատուցի Գյումրու կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների արանքում: Պատարագը կլինի Լատին ծեսով, բայց երգեցողությունը կուղեկցվի հայկական պատարագով:

Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը նախ կայցելի Վարդանանց հրապարակ, կմատուցի Սուրբ պատարագ, այնուհետ կայցելի Անի թաղամասում գտնվող քույր Արուսյակի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» կենտրոն կամ, ինչպես գյումրեցներն են ասում՝ կուսանոց, որից հետո կգնա Սուրբ Յոթվերք եկեղեցի, իսկ վերջում` Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցի:

Կատարված հաշվարկներով՝ 15-25 հազար մարդ կարող է մասնակցել պապի պատարագին. Վարդանանց հրապարակում հնարավոր է այդքան մարդ տեղավորել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին հայ կաթողիկեների ժողովրդապետ տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ու տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

Ter-Hovsep_3

Տեր Գրիգորը նշեց, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ Գյումրիում պատարագ մատուցելը պայմանավորված է նրանով, որ Շիրակի մարզի կաթողիկե համայնքը մեծ է, ու հենց Հռոմի պապն է ցանկություն հայտնել այցելել Գյումրի:

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Սրբազան Քահանայապետի Գյումրի գալը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Գյումրին սոցիալապես անապահով քաղաք է, իսկ պապը մշտապես աղքատների կողքին է, տեր Գրիգորն ասաց. «Պապի արդեն իսկ ներկայությունը Հայաստանում ու Գյումրի քաղաքում եւս մեկ ազդակ կլինի համաշխարհային հանրությանը, որ Գյումրին դեռեւս կարիք ունի օգնության: Սա եւս մեկ առիթ կլինի բարձրաձայնելու Գյումրիի սոցիալ-տնտեսական խնդիրները: Գիտեք, որ համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն այդ օրերին կլինեն Գյումրիում, եւ արդեն իսկ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք եկել ու աշխատում են մեր քաղաքում՝ նպատակ ունենալով լուսաբանել պապի այցելությունը ու ցուցադրել Գյումրիի սոցիալական վիճակը: Սա եւս շատ կարեւոր հանգամանք է. պապի ներկայությամբ եւս մեկ անգամ խոսել Գյումրիի վերակառուցման խնդիրների մասին»:

Ter-Hovsep_2

Հարցին, թե իշխանությունները ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին. չէ՞ որ համաշխարհային մամուլը կսկսի անմիջապես անդրադառնալ Գյումրիի սոցիալական վատ վիճակին, հայ կաթողիկեների ժողովրդապետն ասաց, որ իր կարծիքով իշխանությունները պետք է, որ դրական վերաբերվեն, գուցե նաեւ հետո թեթեւանա իշխանությունների գործը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս իմացաք, որ պապը ցանկություն ունի անպայման Գյումրիում լինելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար, պապը շատ լավ գիտի, թե Գյումրին ինչ սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, լինելով աղքատասեր պապ՝ ցանկություն հայտնեց լինել այս աղքատ տարածաշրջանում»:

Սրբազան Քահանայապետի անվտանգությունը կապահովվի նախագահական մակարդակով, Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները համագործակցում են նախագահի աշխատակազմի հետ:

Իսկ թե ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ է կատարում Կաթողիկե եկեղեցին Հռոմի պապի այցին ընդառաջ, տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ասաց. «Քանի որ պատարագ է մատուցվելու, հրավիրատոմսերի մասին ենք մտահոգվում, նաեւ հյուրերին ընդունելու, բազում ուխտավորներ գալու են Գյումրի՝ աշխարհի տարբեր երկրներից մոտ. 3000 մարդ արդեն իսկ ցանկություն է հայտնել գալու: Փորձում ենք այդ բոլոր կարգավորել, կա ստեղծված հանձնախումբ, հանձնախումբը մտածում է ե՛ւ խորանի, ե՛ւ խաչքարի տեղադրման, ե՛ւ երգեցողությունը ապահովելու համար, մտածում ենք այն ամենի համար, ինչ-որ պետք է բարձր մակարդակով ընդունելու ու ճանապարհելու Սրբազան Քահանայապետին»:

Ի դեպ, բանախոսները չեն բացառում, որ Հռոմի պապը ցանկություն հայտնի շրջել ամբողջ Գյումրիով, պապը հայտնի է նաեւ «անակնկալների պապ» անունով, քանի որ սիրում է կանգնել, իջնել մեքենայից ու շփվել, զրուցել մարդկանց հետ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031