Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուրաբյանը Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում դեժավյուի զգացում է ունեցել (Տեսանյութ)

Մայիս 18,2016 16:03

«2012 թվականից ի վեր, երբ Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է խորհրդարանական քննարկումներին, Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացումը միշտ եղել է իրադարձություն: Այսօր դահլիճում իշխող կոալիցիայից, որում կարծես 70-ից ավելի պատգամավոր պետք է լիներ, ներկա է ընդամենը 12-ը»,- Ազգային ժողովում մայիսի 18-ին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ ընդդիմությունից ընդհանրապես 2 պատգամավոր է ներկա:

Լեւոն Զուրաբյանը շարունակեց, որ Ազգային ժողովին ներկայացվում էր բավականին բարեխիղճ աշխատանք՝ լուրջ փաստեր բացահայտումների, չարաշահումների, մսխումների մասին. «Ու չնայած այն հանգամանքին, որ այսքան քիչ է ներկայացված իշխանական կոալիցիան՝ ես ունեմ դեժավյուի զգացում: Դեժավյուն գիտեք՝ ինչ է՝ հոգեբանական մի երեւույթ է, երբ ինչ-որ մի բան կատարվում է քեզ հետ եւ տպավորություն ունես, որ սա անցյալում բազմիցս քեզ հետ կատարվել է:

Ինչո՞ւ է ինձ մոտ հիմա դեժավյուի զգացում: Պարզ բացատրություն ունի դա՝ որովհետեւ տարեցտարի ներկայացվում են այս փաստերը, տեղեկությունները չարաշահումների մասին, կոռուպցիայի մասին, բայց ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի պատժվում, ոչ ոք չի հեռացվում աշխատանքից, ոչ մի եզրակացություն կառավարությունը չի անում՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ: Ուստի՝ բոլորիս մոտ ստեղծվում է տպավորություն, որ սա ինչ-որ անպտուղ աշխատանքի արդյունք է»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ տարիների ընթացքում փոխվում է միայն հաշվետվությունների ներկայացման ձեւը: Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի սկզբնական հաշվետվություններում շատ լավ երեւում էին թվերը, թե ինչ ծավալի խախտումներ են տեղի ունեցել. «Այս անգամ նայում ենք, պարո՛ն Զաքարյան, եւ չենք կարողանում այդ աշխատանքը մենք կատարել, այսինքն՝ գումարել թվերը եւ այդ ամբողջական պատկերն ունենանք, որովհետեւ շատ դեպքերում թվերն ուղղակի ներկայացված չեն: Որոշ դեպքերում ներկայացված են, որոշ դեպքերում ներկայացված չեն, այսինքն՝ մենք, եթե չզլանանք փորձենք գումարել այդ թվերը, մենք չենք ունենա այդ ամբողջական պատկերը:

Սա գալիս է մի բանից, որ կառավարությունը, իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Վերահսկիչ պալատի դերը ինչքան հնարավոր է՝ պակասի, նվազի: Որովհետեւ Վերահսկիչ պալատի բացահայտումները դառնում էին բուռն արձագանքների պատճառ, մեր ամբողջ հանրության մեջ ծավալվում էին խոսակցություններ կոռուպցիայի ահռելի չափերի մասին: Եվ իշխող կուսակցությունը ամեն ինչ ձեռնարկեց, որ այսուհետեւ Վերահսկիչ պալատի մատուցված հաշվետվությունները չկարողանան նման խոսակցությունների, բորբոքման առիթ դառնալ»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031